Foto

Սահմանափակվել է roadpolice.am դոմենային անվանը նմանվող ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը

ՀՀ բջջային օպերատորների հետ արդյունավետ և օպերատիվ փոխգործակցության արդյունքում սահմանափակվել է roadpolice.am դոմենային անվանը նմանվող ֆիշինգային որոշ դոմենների հասանելիությունը և +63 , +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային SMS հաղորդագրությունները: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

«Հաշվի առնելով, որ հանցագործները մշտապես փնտրում են շրջանցման նոր ուղիներ, դեռևս առկա է նմանատիպ վտանգավոր նամակներ ստանալու ռիսկը iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։ Քանի որ այս հարթակները շրջանցում են ավանդական բջջային ցանցի SMS ֆիլտրերը, դրանք շարունակում են ակտիվորեն կիրառվել խարդախների կողմից։

​Հորդորում ենք՝

1)Չարձագանքել անծանոթ միջազգային համարներից ստացված iMessage կամ RCS հաղորդագրություններին։
2)Չանցնել այդ նամակներում տեղադրված կասկածելի հղումներով (լինքերով)։
3)Չտրամադրել անձնական տվյալներ կամ բանկային քարտի վավերապայմաններ:
4)Անմիջապես արգելափակել (Block) և որպես սպամ (Report Junk/Spam) նշել նմանատիպ նամակ ուղարկող հասցեները կամ հեռախոսահամարները»,- գրված է հաղորդագրության մեջ։