Foto

Միջազգային բժշկական համաժողով Հայաստանում․ առողջապահության նորարարական լուծումներ (լուսանկարներ, տեսանյութ)

Մայիսի 19-ը Ընտանեկան բժշկի համաշխարհային օրն էր, ինչի առիթով սկսած 2019 թվականից, ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիան մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած լավագույն մասնագետներին։ Սա  փորձի փոխանակման, բժշկագիտության ժամանակակից մոտեցումների, հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման ու կանխարգելման նորագույն ուղեցույցների քննարկման գլխավոր հարթակն է։

Այս համաժողովների գլխավոր արդյունքը տարեցտարի ներդրվող նոր մեթոդներն ու ուղեցույցներն են։ Եթե նախկինում առաջնային օղակի բժիշկները գործում էին առանց հստակ չափորոշիչների, ապա այսօր եվրոպական փորձն արդեն տեղայնացվում է Հայաստանում՝ բարձրացնելով բուժման որակն ու իրավականորեն պաշտպանելով մասնագետներին։ Գիտաժողովի շնորհիվ արձանագրվում են նաև կոնկրետ գործնական ձեռքբերումներ։ 

«Այս տարի մենք ունենք 3 նոր մեթոդի ներկայացում, ունենք գրանցված նոր դեղորայք, որ բուժելու են մետոբոլիկ առողջության և ճարպակալման դեմ»-ասում է Բժիշկ-գերիատոր, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը:

Հայաստանում անցկացվող բժշկական այս գիտաժողովին մասնակցում են մասնագետներ Եվրոպական ու ԱՊՀ երկրներից։ Օրակարգում ներառված են ոլորտի ամենաարդիական ու երբեմն նույնիսկ ֆանտաստիկ թվացող թեմաները, օրինակ, թե ինչպես է հնարավոր մարդու սեփական ճարպային բջիջներից ստեղծել աճառային հյուսվածք, ինչը բոլորովին նոր խոսք ու մեթոդ է հոդերի վիրահատության ոլորտում: Սանկտ Պետերբուրգից ժամանած  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եկատերինա Պալյակովան էլ ներկայացրեց ռիսկերի կանխարգելման այնպիսի արդյունավետ մոդելներ, որոնք ընտանեկան բժիշկներին թույլ կտան կանխել սրտանոթային ծանր հիվանդությունները հենց նախնական փուլում։  

«Ռիսկի գործոնները բաժանվում են փոփոխվող և չփոփոխվող խմբերի: Առաջնայինը կենսակերպի հետ կապված գործոնների փոփոխությունն է, ինչպիսիք են՝ ծխելը, ալկոհոլի չարաշահումը, սննդակարգը, թերշարժունությունն ու անառողջ քունը: Ըստ հետազոտությունների՝ միայն այս գործոնների վերացումը և վնասի նվազեցման ոչ դեղորայքային միջոցների կիրառումը կարող են 10-15 տարով երկարացնել մարդու կյանքը՝ առանց սրտանոթային աղետների»-նշում է Պրոֆեսոր, աթերոսկլերոզի և լիպիդային խանգարումների առաջատար փորձագետ Եկատիրինա Պալյակովան։

Վնասակար սովորություններից ազատվելու համար մասնագետներն առաջարկում են աստիճանական անցման մոդելը: Օրինակ՝ ծխողներին, ովքեր դժվարությամբ են հրաժարվում  նիկոտինից, որպես միջանկյալ քայլ առաջարկվում է անցնել ծխախոտի այլընտրանքների, որոնցում այրման արգասիքներն ու ծանր մետաղները հազարավոր անգամներ քիչ են։ Սա  նվազեցնում է օրգանիզմի ընդհանուր տոքսիկ բեռնվածությունը և հեշտացնում հետագայում ծխելն ամբողջությամբ թողնելը: Նույն փուլային մոտեցումն է կիրառվում նաև քաշի նվազեցման հարցում՝ սննդակարգի փոփոխությունից մինչև դեղորայքային բուժում։ 

«Սրտանոթային հիվանդությունների հիմնական ռիսկի գործոնները պարզ են՝ ճնշում, ավելորդ քաշ, ծխել և պասիվ կյանք։ Սակայն թվերը փաստում են՝ ընդամենը 5 միլիմետրով սիստոլիկ ճնշման իջեցումը կարող է 7 տարով երկարացնել մարդու կյանքը, իսկ ծխելուց հրաժարվելը 20-30%-ով նվազեցնում է սրտանոթային մահացությունը։ Ավելին՝ մարմնի զանգվածի ընդամենը 10-15% կորուստը կարող է հանգեցնել նույնիսկ շաքարային դիաբետի ռեմիսիայի։ Ուստի բժիշկների խնդիրն է պացիենտներին տալ ոչ միայն դեղորայք, այլև հստակ ուղեցույցներ՝ կյանքի ոճը փոխելու համար»-ընդգծում է Պրոֆեսոր, աթերոսկլերոզի և լիպիդային խանգարումների առաջատար փորձագետ Եկատիրինա Պալյակովան։

Ոչ վարակիչ հիվանդություններն այսօր մեծ մարտահրավեր են ամբողջ աշխարհում։ Ծխախոտը ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոններից մեկն է, ինչպես գիտենք, և վնասի նվազեցման ռազմավարությունը պետք է կիրառվի նաև ծխախոտի վերահսկման հարցում, ասում է Վրաստանից ժամանած հանրային առողջության փորձագետը։ 

«Գլոբալ առումով 43 միլիոն մարդ մահանում է հենց ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով։ Վրաստանում և Հայաստանում բոլոր մահերի շուրջ 93-94%-ը պայմանավորված է ոչ վարակիչ հիվանդություններով։ Այնպես որ, ինչպես ասացի, սա մեծ մարտահրավեր է առողջապահական համակարգի համար։ Վնասի նվազեցման ռազմավարությունները լայնորեն կիրառվում են ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոնների հանդեպ․ ինչպիսիք են ալկոհոլը, սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, օդի աղտոտվածությունը և այլն»,-նշում է  Բ.գ.դ., պրոֆեսոր, Հանրային առողջապահության փորձագետ Նինո Միրզիկաշվիլին:

Փորձագետների պնդմամբ՝ վնասի նվազեցման ռազմավարության գլխավոր նպատակն է նվազեցնել հիվանդացությունն ու մահացությունը, երբ գործնականում հնարավոր չէ հասնել բացարձակ իդեալական վարքագծի, իսկ նման համաժողովները լավագույն հարթակն են՝ այդ միջազգային ռազմավարություններով ու նորագույն մեթոդներով կսիվելու համար։