Գիտությունը, ճարտարագիտությունը, միտքն ու նորարարությունը՝ մեկ հարթակում: Հունիսի 3-ին և 4-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա RISE բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսն ու ֆորումը, որոնց նպատակն է ամրապնդել ոլորտում երկրի գրանցած հաջողություններն ու խթանել դրանց կայուն առաջընթացը։

Անցկացվելու է երեք պանելային քննարկում՝ կիբեռանվտանգության, պաշտպանական անվտանգության և ինժեներական լուծումների թեմայով:
«Ֆորումի մասնակիցները, մեզ մոտ պանելիստները տեղական ընկերությունների ներկայացուցիչներ են, Կառավարության ներկայացուցիչներ են, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, որոնք կարող են խոսել կոնկրետ թեմաների մասին։ Մենք քննարկելու ենք ոչ միայն RISE-ի մասնակից ընկերություններին առնչվող թեմաները, այլ առհասարակ Հայաստանում իրավիճակների մասին ենք քննարկումներ անելու»,-ասում է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Միջոցառման կարգախոսն է «Մենք ենք մեր սարերը՝ վերելք», որը խորհրդանշում է հայկական տեխնոլոգիական միտքը, ուժն ու առաջընթացը: Տեխնոլոգիական միջոցառման կազմակերպիչը ՏՀՏ գործատուների միությունն է, իսկ ցուցահանդեսի աջակիցը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

«RISE-ի շրջանակում կցուցադրվեն տարատեսակ պրոդուկտներ, ինժեներական լուծումներ, որոնք, դիցուք՝ փորձարկման, մշակման վերջին փուլում են, փորձարկման ընթացքում են և այս իմաստով որոշակի բազմազանություն միայն հայրենական արտադրության մասով RISE-ն ապահովելու է»,-նշում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Միջոցառման պլատինե գործընկերը Հայաստանի խոշոր հանքարդյունահանող կազմակերպությունն է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, իսկ ոսկե գործընկերը՝ «Յունիքոմփ» ընկերությունն է:
ՏՀՏ գործատուների միության նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանն ընդգծում է՝ միության հիմնական նպատակն այն է, որ նպաստեն հայկական լիարժեք արտադրանքի ձևավորմանը։

Երկօրյա ցուցահանդեսին կներկայացվեն հայկական առաջատար ընկերությունների, հետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքները, պաշտպանական համակարգերը, նորարարական լուծումները և գիտական նվաճումները:
«Ցուցադրությունը բաց է բոլորի համար, ֆորումը՝ ոչ, նախագրանցումը պարտադիր է, մենք մեր կողմից հաստատում ենք, քանի որ ունենք այցելուների սահմանափակում: Ցուցահանդեսի պարագայում մենք խրախուսում ենք, որ հնարավորինս շատ մարդ գա տեսնի՝ ինչ ունենք և ինչ կարող ենք ունենալ»,-հավելում է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Ֆորումի և ցուցահանդեսի գրանցումներն արդեն բաց են, ցանկացողները կարող են գրանցվել՝ մուտք գործելով Silicon Mountains-ի կայքէջ:









