Foto

Ծանր կորուստ Ֆուրիա Ռոխայի համար. Յամալի վերականգնումը ձգձգվում է

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը վնասվածքի պատճառով բաց կթողնի 2026 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը։ Այս մասին հայտնում է The Athletic պարբերականը։

18-ամյա ֆուտբոլիստն ազդրի ենթածնկային ջլի վնասվածք էր ստացել ապրիլի 22-ին՝ Լա Լիգայի՝ «Սելտայի» դեմ խաղում (1:0) 11-մետրանոց հարված իրացնելիս։ Խնդրի պատճառով Յամալը ստիպված էր բաց թողնել ակումբային մրցաշրջանի վերջնահատվածը, և, ինչպես հաղորդվում է, նրա վերականգնողական գործընթացը նախատեսվածից ավելի է ձգձգվում։

Աղբյուրի համաձայն՝ ազգային թիմի բժշկական շտաբը խաղացողի՝ խաղադաշտ դուրս գալու շանսերը նվազագույն է գնահատում։ Յամալը հաստատապես բաց կթողնի ԱԱ-2026-ի H խմբի առաջին տուրի՝ Կաբո-Վերդեի դեմ հանդիպումը, որը կկայանա հունիսի 15-ին։ Մեծ հարցականի տակ է նաև նրա մասնակցությունը հունիսի 21-ին կայանալիք Սաուդյան Արաբիայի դեմ երկրորդ խաղին։ Նշենք, որ խմբում Իսպանիայի երրորդ մրցակիցն Ուրուգվայի ընտրանին է։

Ավելին՝ Armsport