«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան։ Կուսակցության կարծիքով՝ հեռուստաընկերությունը զրպարտություն է տարածել՝ լուրերի թողարկման մեջ նշելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Այս մասին փոխանցում է Հետքը։
Մասնավորապես՝ ըստ հայցադիմումի, զրպարտությունը տեղ է գտել Առաջինի լրատվական հեռուստաալիքով 2026թ. մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պահանջում է պարտավորեցնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին, հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, «Հանրային հեռուստաընկերությունը զրպարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը» խորագրի ներքո հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները հետևյալ բովանդակությամբ.
«2026 թվականի մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում հրապարակվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է»:
Նշենք, որ հայցը դատարան է ներկայացվել երեկ՝ 2026թ. մայիսի 15-ին և դեռ վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։ Գործը մակագրվել է դատավոր Գոհար Գրիգորյանին։









