Foto

Քննարկվել են Հայաստանի և Վիետնամի միջև մի շարք ոլորտներում համագործակցության հարցեր

Մայիսի 15-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստը: Միջկառավարական հանձնաժողովը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թի Թանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները. երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել խորացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Հանգամանալից քննարկվել են Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական, առևտրային, զբոսաշրջային, գիտական, կրթական, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, նախանշվել են միջկառավարական հանձնաժողովի հետագա քայլերը՝ ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն ու ոլորտային համագործակցության ընդլայնմանը:

Կայացած բանակցությունների արդյունքներով ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի  2-րդ նիստի արձանագրությունը: