Մադրիդի «Ռեալը» հայտարարել է ակումբի նախագահի և տնօրենների խորհրդի արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման մասին։
Ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների հայտերի ընդունման գործընթացը կմեկնարկի մայիսի 14-ին և կշարունակվի մինչև մայիսի 23-ը ներառյալ։ Այն դեպքում, եթե առաջադրվի մեկից ավելի թեկնածու, ընտրական հանձնաժողովը լրացուցիչ կհայտարարի քվեարկության հստակ օրվա և վայրի մասին։
Ավելի վաղ մադրիդյան ակումբի գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել էր, որ մտադիր չէ լքել պաշտոնը, սակայն նախաձեռնել է ակումբի ղեկավարության արտահերթ ընտրություններ:
Տեղեկանքի համար նշենք, որ Պերեսը «Ռեալի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2000-2006 թվականներին, իսկ 2009-ին կրկին վերադարձել է ղեկավարի աթոռին։ Նախատեսված էր, որ ակումբի նախագահի հերթական ընտրությունները պետք է կայանային 2029 թվականին։
Հիշեցնենք, որ 2025/26 մրցաշրջանում «արքայական ակումբը» մնացել է առանց տիտղոսների։ Իսպանիայի չեմպիոնի կոչումը ժամկետից շուտ նվաճել է «Բարսելոնան», Չեմպիոնների լիգայում «Ռեալը» պայքարն ավարտել է քառորդ եզրափակիչում, իսկ Իսպանիայի գավաթի խաղարկությունում դուրս է մնացել 1/8 եզրափակիչից։









