Foto

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է․ ՀՎԿԱԿ

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

«Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:

Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։

Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։

Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։ Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են:

Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հետազոտությունների ավարտից հետո»: