Foto

Ռոնալդուն իր նվաճած «Ոսկե գնդակը» նշել է մեկ գավաթ շամպայնով, իսկ հետո լրացուցիչ մարզում է պահանջել․ Դավիդե Անչելոտի

Իտալացի մարզիչ Դավիդե Անչելոտին՝ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին, խոսել է մադրիդյան ակումբի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուի աշխատասիրության և ֆուտբոլի հանդեպ ունեցած անհավանական նվիրվածության մասին։

Gazzetta dello Sport պարբերականին տված հարցազրույցում Անչելոտի կրտսերը պատմել է մի ուշագրավ դրվագ, որը լավագույնս նկարագրում է պորտուգալացու պրոֆեսիոնալիզմը.

«Ռոնալդուն եզակի վերաբերմունք ունի իր աշխատանքի նկատմամբ։ Երբ 2014 թվականին Կրիշտիանուն նվաճեց «Ոսկե գնդակը», նա իրեն թույլ տվեց ընդամենը մեկ գավաթ շամպայն՝ հաղթանակը նշելու համար։ Իսկ արարողությունից հետո կայացած առաջին իսկ մարզման ժամանակ նա լրացուցիչ պարապմունք պահանջեց, որպեսզի փոխհատուցի դա»,- նշել է Դավիդե Անչելոտին։

Հիշեցնենք, որ 41-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է։ Պորտուգալացի հարձակվողն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հեղինակավոր մրցանակին արժանացել է 2008, 2013, 2014, 2016 և 2017 թվականներին։