Foto

Մենք պետք է պաշտպանենք «Ռեալի» շահերը․ բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել 20 տարի շարունակ․ Ալվարո Արբելոա

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան հերթական մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի՝ մեծ աղմուկ բարձրացրած հայտարարություններին։

Հիշեցնենք, որ նախօրեին Պերեսը խոսել էր «արքայական» ակումբից գողացված յոթ չեմպիոնական տիտղոսների և այսպես կոչված «Նեգրեյրայի գործի» մասին։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում ակումբի ղեկավարի խոսքերը, Արբելոան նշել է.

«Ես այստեղ չեմ նախագահի մամուլի ասուլիսը մեկնաբանելու համար։ Սակայն ցանկացած մադրիդիստ կհամաձայնի, որ մենք պետք է պաշտպանենք «Ռեալի» շահերը։ Մեզ հետ այլ կերպ են վարվում, քան մյուս ակումբների»։

Անդրադառնալով անմիջապես գողացված չեմպիոնությունների վերաբերյալ պնդումներին՝ իսպանացի մասնագետն ընդգծել է իր լիարժեք համերաշխությունը Պերեսի հետ.

«Իհարկե, համաձայն եմ դրա հետ։ Բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել շուրջ 20 տարի շարունակ՝ համենայնդեպս այն մասով, ինչը հայտնի է մեզ։ Շատ լավ կլիներ, եթե «Նեգրեյրայի գործը» հասցվեր իր տրամաբանական ավարտին։ Ակնհայտ է, որ այդ ամենն անօրինական է»։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը Ֆլորենտինո Պերեսի աղմկահարույց ասուլիսից անմիջապես հետո պաշտոնական հայտարարություն էր տարածել։