Նախընտրական քարոզարշավի ընթացքում ուսումնական գործընթացի խաթարման վերաբերյալ հրապարակված տեղեկությունների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված։
Յուրաքանչյուր երեխա ունի որակյալ և շարունակական կրթություն ստանալու իրավունք։ Ուստի պետությունը, կրթական հաստատությունները և բոլոր իրավասու մարմինները պարտավոր են բացառել ուսումնական գործընթացը խաթարող ցանկացած միջամտություն, այդ թվում՝ դասաժամերի ընթացքում քաղաքական գործընթացների մասնակցությունը։
Մարդու իրավունքների պաշտպանը նաև ընդգծում է, որ անթույլատրելի է երեխաների ներգրավումը քաղաքական գործընթացներում այնպիսի ձևով, որը կարող է խոչընդոտել նրանց կրթության իրավունքի իրացմանը կամ հակասել երեխայի լավագույն շահի սկզբունքին։ Մասնավորապես, ուսումնական գործընթացի խաթարումը, դասաժամերին քաղաքական գործընթացներին մասնակցությունը կամ անչափահասների օգտագործումը քաղաքական քարոզչության նպատակով կարող են հանգեցնել երեխաների իրավունքների խախտման։ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կրթական հաստատություններին, քաղաքական ուժերին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին՝ առաջնորդվել երեխայի լավագույն շահի առաջնահերթության սկզբունքով, բացառել երեխաների իրավունքների ցանկացած սահմանափակում և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խաթարել կրթության իրավունքի լիարժեք իրացումը։
Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկել ընտրական գործընթացների ժամանակ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները՝ իր մանդատի շրջանակում ապահովելով անաչառ, անկախ և ապաքաղաքական գործունեություն։









