Վրաստանի խորհրդարանի նախագահ Պապուաշվիլին Բրյուսելին պատասխանատու է համարել 2025 թվականի հոկտեմբերին մունիցիպալ ընտրությունների օրը բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած բռնության համար։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Թբիլիսիի դատարանը հինգ ընդդիմադիրների դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ բողոքի ակցիայի կազմակերպման համար, որն իշխանությունները որակել էին որպես պետական հեղաշրջման փորձ, փոխանցել է «Новости Грузия»-ն։
«Այն, ինչ մենք տեսանք հոկտեմբերի 4-ին, ամբողջությամբ և լիովին Բրյուսելի քաղաքական պատասխանատվությունն է։ Մենք տեսանք Եվրոպական հանձնաժողովի աջակցությունը նախապես հայտարարված բռնությանը։ Բացի այդ, այն օրը, երբ տեղի էր ունենում նախագահի պալատի գրոհը, տարբեր սոցիալական ցանցերի միջոցով կառավարության տապալմանն աջակցում էին Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնյավիչենեն և վրացի ժողովրդի հանդեպ թշնամաբար տրամադրված այլ անձինք», — ասել է Պապուաշվիլին։
«Մեզ հետաքրքրում է Եվրամիության պատասխանը. որտե՞ղ են այն եվրոպական արժեքները, որոնց մասին մեզ ասում են։ Բռնությո՞ւնն է եվրոպական արժեք։ Պարզվում է՝ իշխանությունը տապալելը եվրոպական արժեք է, մարդկանց վնաս պատճառելը եվրոպական արժեք է։ Այս հարցերին պետք է պատասխանի Եվրահանձնաժողովը, իսկ նրա ներկայացուցիչը Եվրամիության դեսպանն է։ Այդ պատճառով մենք սպասում և պահանջում ենք պատասխան Եվրամիության դեսպանից՝ կապված հոկտեմբերի 4-ի հետ. արդյո՞ք Եվրամիության դեսպանը մտադիր է ներողություն խնդրել Վրաստանի նախագահից՝ այն մարդկանց կողմից նրա պալատի վրա հարձակման համար, որոնց նրանք խրախուսում և հրահրում էին։ Արդյո՞ք անձամբ Պավել Հերչինսկին մտադիր է ներողություն խնդրել Վրաստանի նախագահից այն բանի համար, որ հոկտեմբերի 4-ից անցել է յոթ ամիս, իսկ նա գոնե մեկ անգամ անգամ չի դատապարտել նախագահի պալատի և նախագահի նկատմամբ բռնությունը», — շարունակել է խորհրդարանի նախագահը։









