Միացյալ նահանգների ամենատարբեր ոլորտներում հայերի ունեցած ներդրումի և ԱՄՆ 250-ամյակի առթիվ Ամերիկյան պետությունների կազմակերպության կենտրոնակայանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Հայաստանի Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) համագործակցությամբ կայացել է «Armenians in America» խորագրով հանդիսավոր ընդունելությունը:
Միջոցառմանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ Սպիտակ տնից, Ազգային անվտանգության խորհրդից, Պետական դեպարտամենտից, Առևտրի, Էներգետիկայի և Պատերազմի քարտուղարություններից, դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև տարբեր նահանգներից հայ համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառումը մեկն է այն նախաձեռնություններից, որոնք հայկական կողմը՝ Սպիտակ տան Հանրային կապերի գրասենյակի խրախուսմամբ և աջակցությամբ, իրականացնում է USA250 տոնակատարությունների շրջանակում։
Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, ԱՄՆ Առևտրի քարտուղարության արդյունաբերության և անվտանգության հարցերով փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ անկախության 250-ամյակի պետական միջոցառումների պատասխանատու ընկերության՝ Freedom250-ի գործադիր տնօրեն Քիթ Քրաքը, ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը։
Միջոցառումը մեկնարկել է երկու երկրների պետական օրհներգներով՝ Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաների կատարմամբ։
Հանդիսավոր ընդունելության շրջանակում կայացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ վետերանների հիշատակին նվիրված «Our Boys» գրքի վերահրատարակված տարբերակի ներկայացումը, որը փաստագրում է ամերիկահայերի ծառայությունն ու ներդրումը պատերազմի տարիներին։ Գիրքը առաջին անգամ հրատարակվել էր 1951 թվականին։
Վերահրատարակված գրքի առաջին օրինակները հանձնվել են Սպիտակ տան Ռազմավարական նախաձեռնությունների գծով փոխտնօրեն Ջեքսոն Քրոյին և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնատա Քոուլթերին։
ԱՄՆ տարբեր ոլորտներում հայերի նշանակալի ներդրման պատմությունները ներկայացվել է հայաստանյան արտադրության Ռոբին ռոբոտի կողմից, որը ներկայումս ծառայություններ է մատուցում ԱՄՆ-ի ավելի քան 40 հիվանդանոցներում և խնամքի հաստատություններում։
Երեկոյի շրջանակում «Marta and Folk Orchestra»-ի կողմից հնչել են հայկական ժողովրդական և ֆոլկ ստեղծագործություններ։









