Foto

Կարևորվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև հարաբերությունների զարգացումն ու սերտացումը

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոն և խմբի անդամները:

Ինչպես հայտնում են ԱԺ-ից, գործընկերներին մայիսի 6-ին Ազգային ժողովում հյուրընկալել են Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Խաչատրյանը, խմբի անդամներ Տաթևիկ Գասպարյանը, Վահե Ղալումյանը և Արգիշտի Գևորգյանը:

Անդրադարձ է եղել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, հարևան երկրների հետ համագործակցությանը, առաջիկայում մեր երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ կապերի սերտացմանն ուղղված ջանքերը և այս հարցում ընդգծել խորհրդարանական արդյունավետ աշխատանքը, մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունների բարենպաստ օգտագործումը: Նշվել է, որ, մասնավորապես, զբոսաշրջության ու տնտեսական ոլորտում կա գործակցությունը զարգացնելու զգալի ներուժ: Կարևորվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը: Վերոնշյալ հարցերի համատեքստում ընդգծվել է երկու երկրներում դեսպանությունների բացման անհրաժեշտությունը:

Կողմերը բարձր են գնահատել ժողովրդավարական գործընթացներին ու խաղաղությանն ուղղված քայլերի առաջմղումը երկրների զարգացման ու բարգավաճման հարցում: