Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը միացել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի փոփոխման և անմեղության հռչակման վերաբերյալ մեկնարկած ստորագրահավաքին։
Ստորագրահավաքի նախաձեռնող-անդամ Աբրասիմ Աթոյանը հայտնել է, որ այսօրվա ստորագրահավաքի ժամանակ անձրև էր տեղում, սակայն հավաքվածները այդպես էլ չցրվեցին՝ մինչև վերջին մարդը մնաց և ստորագրեց:
«Այո՛, կարելի է և անհրաժե՛շտ է նույնիսկ հակասական լինել, բայց ի սեր հայրենիքի, քաղաքի, ժողովրդի և եկեղեցու պարտ է միասնական լինել։
Այսօր Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը՝ քաղաքապետարանի այլ պաշտոնյաների և աշխատակիցների հետ միացավ Գյումրու Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցու հարակից տարածքում Միքայել Սրբազանի խափանման միջոցի փոփոխման և անմեղության հռչակման վերաբերյալ մեկնարկած ստորագրահավաքին»,- նշել է Աթոյանը։
Հիշեցնենք՝ Գյումրիում նախաձեռնվել է ստորագրահավաք, որով պահանջում են անհապաղ վերացնե՛լ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, դադարեցնե՛լ նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը և հռչակե՛լ Սրբազանի անմեղությունը։









