Foto

Էրիթրեայի Պետությունում ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Ապրիլի 17-ին Էրիթրեայի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը՝ ք․ Կահիրե) մայրաքաղաք Ասմարայի նախագահական նստավայրում իր հավատարմագրերն է հանձնել Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆվերկիին։

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սարգսյանն Էրիթրեայի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ հայտնելով Հայաստանի պատրաստակամությունը՝ Էրիթրեայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, երկու երկրների միջև բազմոլորտ օրակարգի ձևավորման կապակցությամբ։

Դեսպանին մաղթելով հաջողություն իր նոր առաքելության մեջ` Նախագահ Իսայաս Աֆվերկին ողջունել է Էրիթրեայի Պետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանի հավատարմագրման՝ Հայաստանի կառավարության բարեկամական որոշումն ու նշել, որ դիվանագիտական առաքելության մեկնարկը կարևոր և նշանակալի սկիզբ է միջպետական փոխգործակցության ձևավորման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։