Եթե հավատալու լինենք իշխանություններին, տարեկան Հայաստանում տասնյակ-հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվում։ Բայց արի ու տես, որ դրանից գործազրկությունը մեր երկրում չի նվազում, զբաղված քաղաքացիների քանակն էլ չի ավելանում։
Այս հանելուկի պատասխանը ոչ մեկը չի ուզում տալ։ Ինչպե՞ս է ստացվում, որ այդքան աշխատատեղեր են ստեղծվում, այն էլ, իրենց ասելով՝ նոր բացվող աշխատատեղեր, սակայն գործազրկությունը մեր երկրում չի նվազում, իսկ զբաղվածները չեն ավելանում։ Պաշտոնական տվյալներով, անցած տարի Հայաստանում ավելի շատ գործազուրկ է եղել, քան 2 տարի առաջ, ավելի քիչ զբաղված է եղել, քան 2 տարի առաջ էր։
Երկու տարվա ընթացքում՝ ինչպես գործազրկության, այնպես էլ՝ զբաղվածության պատկերը վատացել է։ Ու որքան էլ տարօրինակ հնչի, այդ ընթացքում, իշխանությունների հայտարարությունների համաձայն, տասնյակ-հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվել։ Ո՞ւմ համար են ստեղծվել այդ աշխատատեղերը, եթե, իհարկե, ստեղծվել են, որ գործազուրկների քանակն ավելացել է, իսկ զբաղվածների քանակը՝ կրճատվել։
Պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով՝ անցած տարի գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 12.8 տոկոս։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն անցած ընտրությունների ժամանակ խոստացել էր գործազրկությունը Հայաստանում նվազեցնել 10 տոկոսից։ Ինչպես տեսնում ենք, այն ոչ միայն 10 տոկոսից ցածր չէ, այլև անհամեմատ ավելի բարձր է
Ավելի քան 172.3 հազար քաղաքացի անցած տարի Հայաստանում գործազուրկ է եղել։
Գործազուրկների քանակը 2025թ. ավելին է եղել, քան դրանից 2 տարի առաջ։
2023թ. պաշտոնական տվյալներով, Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել էր 12.6 տոկոս։ Այն ժամանակ գործազուրկ էր 171.2 հազար քաղաքացի։
Վերջին 2 տարում գործազրկությունը Հայաստանում խորացել է՝ 12.6 տոկոսից դարձել է 12.8 տոկոս։ Գործազուրկների փաստացի քանակն էլ ավելացել է 1.1 հազարով։
Գործազրկությունը Հայաստանում խորացել է ոչ միայն հայտարարվող տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ստեղծման, այլև արձանագրվող տնտեսական բավական բարձր աճերի պարագայում։ Ստացվում է, որ տնտեսական այդ աճերը ոչնչով չեն նպաստել գործազրկության կրճատմանը։ Ընդհակառակը՝ մի բան էլ վնասել են։ Տնտեսությունն աճել է, իսկ աշխատանք չունեցող քաղաքացիների քանակը նույնիսկ ավելացել է։ Տնտեսության աճը չի նպաստել, որպեսզի մարդիկ կարողանան աշխատանք գտնել։ Սա էլ մեկ այլ դիլեմա է։
Օրինակ՝ անցած տարվա վերջին եռամսյակում, երբ տնտեսությունը գտնվում էր ակտիվության ամենաբարձր կետում ու դրա արդյունքում նույնիսկ ակնկալվածից ավելի բարձր տնտեսական աճ արձանագրվեց, Հայաստանում աշխատանք չունեցող քաղաքացիների քանակն ավելացել է, տեղի է ունեցել գործազրկության խորացում։ 2025թ. չորրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 13.1 տոկոս։ Ավելի բարձր, քան երկրորդ, առավել ևս՝ երրորդ եռամսյակում։ Երկրորդում՝ գործազրկության մակարդակը 12.3 տոկոս էր, երրորդում՝ ավելի ցածր՝ 11.8 տոկոս։
Քանի դեռ պաշտոնական վիճակագրությունը չէր հրապարակել անցած տարվա գործազրկության տարեկան ցուցանիշները, իշխանությունները հենց երրորդ եռամսյակի ցուցանիշն էին շրջանառում, փորձելով ցույց տալ, թե ինչպիսի հաջողության են հասել գործազրկության կրճատման առումով։ Բայց չորրորդ եռամսյակի ու տարեկան ցուցանիշները եկան ապացուցելու, որ ՔՊ-ականները ժամանակից շուտ էին ոգևորվել։ Երրորդ եռամսյակի 11.8 տոկոսի փոխարեն, ինչը շատ հաճախ շահարկում էին, չորրորդում գործազրկության մակարդակը կազմեց 13.1 տոկոս, իսկ տարեկան արդյունքներով՝ 12.8 տոկոս։
Եթե 2025թ. երրորդ եռամսյակում Հայաստանում գործազուրկ էր 161.3 հազար քաղաքացի, չորրորդում գործազուրկների քանակը հասել է 173.4 հազարի։
Մեկ եռամսյակում ավելացել է 12.1 հազարով, ինչն ակնհայտ կտրուկ աճ է։
Անցած տարվա վերջին եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում ավելի բարձր է եղել, քան նույնիսկ նախորդ տարվա նույն եռամսյակում։ Այն ժամանակ 12.9 տոկոս էր, դարձել է 13.1 տոկոս. 0.2 տոկոսային կետով խորացել է, ինչն արտահայտվել է նաև գործազուրկների թվի փաստացի ավելացմամբ։
Պաշտոնական տվյալներով, 2024թ. չորրորդ եռամսյակում Հայաստանում գործազուրկ է եղել 171.7 հազար քաղաքացի, 2025թ. չորրորդ եռամսյակում՝ 173.4 հազար՝ 1.7 հազարով ավելի շատ, քան 1 տարի առաջ։
Այսքանը՝ գործազրկության մասով. հիմա անցնենք զբաղվածությանն ու համեմատենք ցուցանիշները կրկին 2 տարի առաջվա հետ։
Պաշտոնական տվյալներով, 2023թ. Հայաստանում տարեկան կտրվածքով զբաղված է եղել 1 մլն 184.7 հազար քաղաքացի։ Նույն պաշտոնական տվյալներով, 2025թ. զբաղվածների քանակը կազմել է 1 մլն 177.2 հազար։
Երկու տարում զբաղվածների քանակը 7.2 հազարով կրճատվել է։
Ու ստացվել է այնպես, որ 2 տարվա ընթացքում ՔՊ-ականների իշխանության գլխավոր «ձեռքբերումն» աշխատանքի շուկայում այն է եղել, որ զբաղված քաղաքացիների քանակը նվազել է, իսկ գործազուրկներինն ավելացել է։ Ահա այսպիսի փայլուն արդյունքների են հասել։
Ամենամեծ զավեշտն այն է, որ այս ամենը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ այդ ընթացքում նույնիսկ աշխատուժն է կրճատվել։ 2023թ. աշխատուժի քանակը գրեթե 1 մլն 356 հազար էր, անցած տարի կազմել է 1 մլն 349.5 հազար։ Երկու տարում կրճատվել է 6.4 հազարով։ Բայց նույնիսկ այդ պայմաններում գործազուրկների քանակը չի հաջողվել նվազեցնել։
Առաջիկա ընտրություններից առաջ այս տխուր վիճակագրությանը ՔՊ-ականները, անշուշտ, չեն անդրադառնա։ Փոխարենը՝ հավանաբար կասեն, որ անցած տարի, 2024թ. համեմատ, գործազրկությունը նվազել է։ 2024թ. 13.1 տոկոսից 2025թ. դարձել է 12.8 տոկոս։ Բայց բնականաբար չեն ասի, որ դա տեղի է ունեցել 2024թ. իրավիճակի կտրուկ վատացումից հետո, երբ գործազրկության մակարդակը 12.6-ից բարձրացավ 13.1 տոկոսի։ Ու հիմա չնայած մի փոքր նվազել է, այնուհանդերձ դեռ չի հասել 2 տարի առաջվա մակարդակին։ Երկու տարի առաջ գործազրկությունն ավելի ցածր էր, իսկ զբաղված քաղաքացիների քանակը՝ ավելի շատ։









