«Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին»։ Այս մասին ԱՊԱ-ի թուրքական բյուրոյին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով, վերջերս տեղի են ունեցել կարգավորման գործընթացի հետ կապված կարևոր զարգացումներ.
«Վաշինգտոնի գագաթնաժողովը հատկապես ուշագրավ է։ Անցյալ օգոստոսին Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը ստորագրեցին համատեղ հայտարարություն։ Այս փաստաթուղթը նաև որպես վկա հաստատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Միաժամանակ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, և ստորագրվեց Մինսկի խումբը լուծարելու կոչը։ Ընդհանուր առմամբ, այս քայլերը սահմանեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հաջորդ փուլի ճանապարհային քարտեզը։
Դրանից հետո Ալիևը Սպիտակ տանը կայացած պաշտոնական արարողության ժամանակ հայտարարեց, որ խաղաղությունն արդեն իրականություն է դարձել Ադրբեջանի համար։ Հետագա քայլերը նույնպես հաստատեցին այս մոտեցումը։ Սա պարզապես քաղաքական հայտարարություն չէ, այլ դիրքորոշում, որը արտացոլում է Ադրբեջանի ռազմավարական տեսլականը»,- ասել է Բայրամովը։









