Մադրիդի «Ռեալը» հստակեցրել է իր ծրագրերը թիմի երեք աստղային ֆուտբոլիստների վերաբերյալ։ Ինչպես հայտնի է դարձել El Mundo պարբերականին, «արքայական» ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել հարձակվող Կիլիան Մբապեից, եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորից և կիսապաշտպան Ջուդ Բելինգեմից։
«Սերուցքայինների» ճամբարում վստահ են, որ թիմի ներկայիս կազմը հսկայական ներուժ ունի։ Այդ իսկ պատճառով մադրիդցիները մտադիր են առաջիկա մրցաշրջաններում հիմնական շեշտը դնել հենց վերոնշյալ աստղերի վրա։
Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Ռեալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա մադրիդյան թիմն ավարտել է իր ելույթները քառորդ եզրափակիչ փուլում՝ զիջելով Մյունխենի «Բավարիային» (1-2, 3-4 հաշիվներով):









