Foto

Իրանի գերագույն առաջնորդը լուրջ վնասվածքներ ունի․ մանրամասներ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դեմքի և ոտքերի հատվածում լուրջ վնասվածքներ ունի։ Հաղորդում է Reuters-ը։

Աղբյուրների խոսքով՝ չնայած ծանր վնասվածքներին՝ Խամենեին պահպանել է սթափ միտքը և բարձր պաշտոնյաների հետ խորհրդակցություններին մասնակցում է աուդիոկապով։ Նա ներգրավված է պատերազմի և Վաշինգտոնի հետ բանակցությունների վերաբերյալ կարևոր որոշումների ընդունման մեջ։

Փետրվարի 28-ի ավիահարվածից (պատերազմի առաջին օրը) և մարտի 8-ին հոր իրավահաջորդ նշանակվելուց հետո նրա ոչ մի լուսանկար, տեսանյութ կամ ձայնագրություն չի հրապարակվել։ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը չի պատասխանել Reuters-ի հարցումներին՝ նրա վնասվածքների աստիճանի և հանրության առաջ չերևալու պատճառների վերաբերյալ։

Վնասվածքների վերաբերյալ տվյալները համընկնում են ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի մարտի 13-ի հայտարարության հետ, ըստ որի՝ Խամենեին «վիրավոր է և, հավանաբար, այլանդակված»։ Ամերիկյան հետախուզությանը ծանոթ աղբյուրի խոսքով՝ գնահատվում է, որ նոր առաջնորդը կորցրել է մեկ ոտքը։ ԿՀՎ-ն և Իսրայելի վարչապետի գրասենյակը մեկնաբանություններ չեն տվել։

Իրանական սոցիալական ցանցերում, ինտերնետի խափանումների ֆոնին, լայնորեն քննարկվում է Խամենեիի բացակայությունը, տարածվում են դավադրության տեսություններ և մեմեր, այդ թվում՝ լուսարձակների տակ դրված դատարկ աթոռի պատկեր՝ «Որտե՞ղ է Մոջթաբան» գրությամբ։ Իշխանությունների կողմնակիցները նրա թաքնված լինելը բացատրում են ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների վտանգով։