Մասիսի ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանին ազատազրկելու որոշում է կայացվել։
Վճռաբեկ դատարանը հրապարակել է իր որոշումը, որի համաձայն, բեկանվում է մեղադրյալներ Դավիթ Մհերի Համբարձումյանի և Գոռ Մհերի Համբարձումյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի որոշումը և օրինական ուժ ՝ տրվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ըստ Վճռաբեկի հաղորդագրության, Դավիթ Մհերի Համբարձումյանի նկատմամբ նշանակված՝ 6 (վեց) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցել մինչդատական վարույթի ընթացքում անազատության մեջ գտնվելու 2 (երկու) ամիս 14 (տասնչորս) օրը, ինչպես նաև դատաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու 7 (յոթ) ամիս 28 (քսանութ) օրը և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս 18 (տասնութ) օր ժամկետով` պատժի սկիզբը հաշվելով Դավիթ Մհերի Համբարձումյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Որոշման հրապարակումից հետո Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը գրել է. «Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը»։
Հիշեցնենք, որ երեկ արտահերթ ասուլիսի ժամանակ Պապոյանը հայտարարել էր, որ Վճռաբեկ դատարանն աննախադեպ արագությամբ է կայացրել որոշում, ինչը մտահոգություն էր առաջացրել, որ Վճռաբեկը իշխանության շահն է սպասարկում եւ նմանատիպ որոշում է կայացնելու՝ դեկտեմբերի 13–ին կայանալիք ընտրություններին ընդառաջ փորձելով չեզոքացնել ընդդիմադիր թեկնածուին։
ՏԻՄ ընտրություններում Դավիթ Համբարձումյանը միակ ընդդիմադիր թեկնածուն է, նրա մրցակիցը ՔՊ թեկնածու Հովհաննես Հակոբյանն է։
Նշենք, որ Հովհաննես Հակոբյանը և նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Գործն առնչվում է Մասիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սաշա Հակոբյանին և նրա հետ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ որդիներին՝ Հովհաննես Հակոբյանին։









