Foto

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարել է Գազայում ցեղասպանության շարունակման մասին

Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանությունը շարունակվում է, իրադրությունը մնում է աղետալի, չնայած այն բանին, որ զինադադարի սկզբից անցել է վեց ամիս: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) մարդասիրական կազմակերպության արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավար Քլեր Սան Ֆիլիպոն:

«Վեց ամիս անց զինադադարն այդպես էլ վերջ չդրեց պաղեստինցիների ցեղասպանությանը Գազայում», - ասել է նա:

MSF-ի ներկայացուցիչը նշել է, որ «իրավիճակը մնում է աղետալի», քանի որ «չնայած բռնության ինտենսիվության նվազմանը, իսրայելական գրոհները շարունակվում են»: Նրա խոսքով՝ Իսրայելի իշխանությունները շարունակում են ոչնչացնել նորմալ կենսապայմանները պաղեստինցիների համար և սահմանափակում են մարդասիրական օգնության մատակարարումը:

Կազմակերպությունում հիշեցրել են, որ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2025 թ. հոկտեմբերի 10-ին հայտարարված զինադադարից ի վեր ապրիլի 8-ի դրությամբ պաղեստինյան անկլավում սպանվել է առնվազն 733 մարդ, 1913-ը՝ տուժել։

Կազմակերպությունում աշխարհի ղեկավարներին և կառավարություններին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին և արաբական երկրներին կոչ են արել «օգտագործել բոլոր քաղաքական լծակները Իսրայելի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար՝ ապահովելու քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, արժանի կենսապայմանների վերականգնումը և մարդասիրական օգնության անհապաղ և անարգել մուտքը Գազայի հատված»: