Foto

Վերաքննիչը ամբողջությամբ բավարարել է Երևանի քաղաքապետի հոր բողոքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած ամռանը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը դատարան էր դիմել և հաղթել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին: Հիշեցնենք, որ Ավինյանի հայրը «համբալ» էր անվանել «Օպել» վարողներին, և ավագանու անդամ Իսկանդարյանը դիմել էր դատարան: Նրա հայցը դատարանը բավարարել էր մասնակիորեն՝ 500 հազար դրամի փոխհատուցման պահանջից 250 հազարն էր բավարարել։ Ապա Ավինյանի հայրն առաջին ատյանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան: 

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ամիսներ տևած դատաքննությունից հետո, օրեր առաջ վերաքննիչը՝ դատավոր Նարեկ Գաբրիելյանի նախագահությամբ, ամբողջությամբ բավարարել է քաղաքապետի հոր բողոքը: Վճիռն ամբողջությամբ բեկանել է և ամբողջությամբ մերժել Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի։ 

Ստացվում է, որ «կարմիր գծերի գումարը պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ` իրա գեղի Opel-ով» արտահայտությունը վերաքննիչ դատարանը խրախուսում է և գտնում, որ այստեղ որևէ վիրավորական արտահայտություն չկա։ Սա առաջին դեպքը չէ, որ առաջին ատյանի դատարանի որոշումները վերադաս դատարանները բեկանում են` հօգուտ իշխանությունների»։