Foto

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի հայտարարագրերը և պարզել մի շարք ուշագրավ տվյալներ նրա գույքի, եկամուտների և ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ։

Նշենք, որ Եղիազար Վարդանյանը 2024 թվականի մարտի 21-ին նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, իսկ պաշտոնը ստանձնել է 2024 թվականի մարտի 22-ին։ Եղիազար Վարդանյանի աշխատանքային ուղին բավական ընդգրկուն է.

2002-2003 թթ.՝ «Արցախճան» նախագծային ինստիտուտ՝ ճարտարագետ

2004-2006 թթ.՝ ԵՃՇՊՀ դեկանի տեղակալ

2004 թ.-ից՝ դոցենտ

2006-2014 թթ.՝ համալսարանի աշխատակազմի ղեկավար

2014-2019 թթ.՝ ռեկտորի առաջին տեղակալ

2019-2020 թթ.՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

2020-2024 թթ. մարտ՝ համալսարանի ռեկտոր

2024 թ. մարտի 21-ից՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Ըստ հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վարդանյանն ունեցել է՝ Հողամաս Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում (ձեռք բերված 02/08/2011, գնմամբ), Անհատական բնակելի տուն Երևանում (ձեռք բերված 25/04/2012, գնմամբ)։

Նա նաև ունեցել է՝ «Մերարմինվեսթ» ՍՊԸ-ին տրամադրված փոխառություն՝ 27,109,152.5 դրամ, Բանկային հաշիվներում՝ 940,171 դրամ, Կանխիկ միջոցներ՝ 14,400 եվրո, 26,800 ԱՄՆ դոլար և 39,500,000 դրամ։

Հայտարարագրված եկամուտները կազմել են ընդհանուր 6,112,093 դրամ, որից՝ 5,038,353 դրամ՝ աշխատավարձ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ից, 1,073,740 դրամ՝ քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտ։ Վարկային պարտավորությունների մնացորդը կազմել է 286,335 դրամ։

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2024 թվականի ընթացքում Վարդանյանի ֆինանսական պատկերը զգալի փոփոխությունների է ենթարկվել։ Բանկային հաշիվներում տարվա վերջում առկա են եղել՝ 201,271 դրամ, 2,817,061 դրամ, 120,825 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են՝ 24,900 ԱՄՆ դոլար, 19,500 եվրո, 30,800,000 դրամ։

Վարդանյանի 2024 թվականի ընդհանուր եկամուտը կազմել է 19,124,218 դրամ, այդ թվում՝ 9,579,486 դրամ՝ Քաղաքաշինության կոմիտեից աշխատավարձ, 6,303,289 դրամ՝ համալսարանից աշխատավարձ, 1,073,740 դրամ՝ պայմանագրային եկամուտ,

2,167,703 դրամ՝ եկամտային հարկի վերադարձ։ Տարվա վերջում վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 25,635,997 դրամ, իսկ տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները՝ 3,788,940 դրամ։

Վարդանյանի կինը՝ Նարինե Հակոբյանը, ևս հայտարարագրել է զգալի ակտիվներ։ Նա ունի 4 անշարժ գույք Երևանում՝ Բնակարան Արաբկիրում (ձեռք բերված 14/08/2024), Ավտոկայանատեղի Արաբկիրում (14/08/2024), Բնակարան Կենտրոնում (23/09/2016), Բնակարան Արաբկիրում (27/11/2012)։

«Ժողովուրդ»-ը հաշվարկեց, որ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ին տրված և վերադարձված փոխառությունների ընդհանուր գումարը կազմում է՝ 52,437,570 դրամ։

Բանկային հաշիվներ՝ 721,758 դրամ, կանխիկ միջոցներ՝ 84,900 ԱՄՆ դոլար, 31,200 եվրո, 27,120,000 դրամ, 16,301,336 դրամ։

2024 թվականին Նարինե Հակոբյանի եկամուտը կազմել է 39,422,083 դրամ, որից՝ 29,314,800 դրամ՝ «ՑԷ Ե ԷՍ Քընսալթինգ Էնջինիրս Զալցգիթթեր» ընկերությունից, 6,887,532 դրամ՝ «Մոդուլ» ՍՊԸ-ից, 2,635,890 դրամ՝ եկամտային հարկի վերադարձ, 583,861 դրամ՝ այլ եկամուտներ։ Նա նաև հանդիսանում է «Մոդուլ» ՍՊԸ տնօրեն։

Փոխառության մնացորդ՝ 16,301,336 դրամ, բնակարանի վարկ՝ 26,036,344 դրամ, վարկի մարմանն ուղղված վճարումներ՝ 3,224,405 դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրում է, որ պաշտոնը ստանձնելուց հետո Վարդանյանի և նրա ընտանիքի ֆինանսական հոսքերը և պարտավորությունները զգալի են, հատկապես՝ վարկային բեռի աճը և կանխիկ միջոցների մեծ ծավալները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։