Foto

Սուրբ Աննա եկեղեցում Պետական պահպանության ծառայության ծառայողների գործողությունները եղել են անհրաժեշտ և բավարար. ՊՊԾ պետ

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Պետական պահպանության ծառայության ծառայողների գործողությունները եղել են անհրաժեշտ և բավարար, այս մասին Aysor.am-ին հայտնել է ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը։

«2026 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում պետական պահպանության օբյեկտի նկատմամբ քաղաքացու ոտնձգությունը կանխելու ընթացքում Ծառայության ծառայողների գործողությունները եղել են անհրաժեշտ և բավարար՝ ուղղված լինելով պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխարգելելուն, վերջիններիս
ուղղված սպառնալիքները չեզոքացնելուն և վտանգավոր հետևանքների առաջացումը կանխելուն»,- Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝  նշել է Արթուր Գասպարյանը։

ՊՊԾ պետն ընդգծել է՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման, վերջիններիս ուղղված սպառնալիքները չեզոքացնելու և ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողները, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն, իրավունք ունեն ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կիրառելու Օրենքով նախատեսված կարգով և դեպքերում:

Հիշեցնենք՝ ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկազարդի օրը կուսակիցների հետ շրջել է Կենտրոն վարչական շրջանում, այնուհետև որոշել Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել պատարագի:

Փաշինյանի ներկայությունը հավատավոր ժողովրդից ոմանց դուր չէր եկել, միջադեպ էր գրանցվել, երեք անձ էր ձերբակալվել։

Ձերբակալվել էին երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը։ Գևորգյանն ու եղբայրներից Միքայելն ազատ են արձակվել, իսկ 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել է, նրան մեղադրում են Նիկոլ Փաշինյանին հարվածելու մեջ։ 

18-ամյա Դավիթին, ով ունի առողջական լուրջ խնդիրներ, նախ տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ, ապա Էջմիածնի ԲԿ, հետո՝ կրկին «Արմավիր» ՔԿՀ, ապա «Աբովյան» ՔՀԿ, հետո՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք նաև, որ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատողը Սուրբ Աննա եկեղեցում հարվածում կալանավորված 18-ամյա Դավիթին։

Նա նույն անվտանգության աշխատակիցն է, ով Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագի ժամանակ փակել էր երիտասարդի բերանը, ով ասել էր, որ կարգալույծն իրավունք չունի պատարագ մատուցելու։