Ռուսաստանի Ուլյանովսկի շրջանում Մոսկվա-Չելյաբինսկ գնացքի վագոնների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով տուժածների թիվը հասել է 35-ի, որոնցից 18-ը հոսպիտալացվել են։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Ուլյանովսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Ռուսկիխը։
«Վերջին տվյալներով, ընդհանուր առմամբ, տուժել է 35 մարդ, նրանցից 18-ը հոսպիտալացվել են Ուլյանովսկի և Դիմիտրովգրադի բժշկական հաստատություններում, մյուսներին ցույց է տրվել ամբուլատոր օգնություն։ Տուժածներից երկուսը զուգակցվող վնասվածքներով են։ Մնացածները թեթև աստիճանի ծանրության վիճակում են», - հայտնել է Ռուսկիխը։
Ուլյանովսկում մարդատար գնացքի յոթ վագոն առավոտյան դուրս էր եկել ռելսերից։ Գնացքում գտնվում էր 412 ուղևոր։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ դեպքի վայրում շարունակում են աշխատել քննիչները։ Ըստ նախնական տվյալների՝ վթարի պատճառ կարող էր լինել երկաթուղային գծերի վատ տեխնիկական վիճակը։









