Foto

Պուտինը շատ բաց ակնարկեց ամենատհաճ խնդիրը Փաշինյանի համար. Սուրեն Սուրենյանց



Նիկոլ Փաշինյանը, թերևս, հասկացել է, որ ժամանակից շուտ է «հաշիվներից հանել» Ռուսաստանի գործոնը Հայաստանի քաղաքական պրոցեսներում և շտապել է Մոսկվա՝ իր իշխանությունն ապահովագրելու նպատակով։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպման թեմայի շուրջ։

«Առաջիկայում ընտրություններ են, և Նիկոլ Փաշինյանը կուզենար ապահովագրել իրեն Մոսկվայից եկող հնարավոր ռիսկերից, բայց իմ կարծիքով՝ շատ ավելի գլոբալ պատճառ կա, դա այն է, որ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն անվտանգային որոշակի վակուում են առաջացրել տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանի շուրջ, որովհետև իրանական պատերազմի մի քանի՝ ամենահավանական զարգացումների պարագայում ԹՐԻՓՓ-ը կորցնում է իր հեռանկարայնությունը՝ դառնում է շատ մշուշոտ, իսկ, այսպես կոչված՝ խաղաղության ամբողջ փիլիսոփայությունը Նիկոլ Փաշինյանը կառուցել էր հենց ԹՐԻՓՓ-ի վրա

Նա թերևս գիտակցել է, որ ժամանակից շուտ էր «դուրս գրել» Ռուսաստանին, և շտապել է Մոսկվա՝ ինչ-որ խնդիրներ ճշգրտելու, իր իշխանությունն ապահովագրելու նպատակով։ Ես ավելի արժանահավատ եմ համարում հատկապես վերջին վարկածը։ Այլ խոսքերով՝ նա հասկացել է, որ իր ամբողջ պրոպագանդան, իր միֆերն ու լեգենդները խաղաղության մասին փլուզման եզրին են, իսկ այս պարագայում Ռուսաստանի գործոնը կարող է հատկապես կարևոր լինել»,- կարծում է Սուրեն Սուրենյանցը