Foto

Ապրել նույն տանը, բայց ոչ նույն հնարավորություններով


«Լոգանքի օրը ծնողներս պետք է պատրաստ լինեն, որովհետև ես մենակ չեմ կարող լոգանք ընդունել… Եթե տունը մի քիչ ինձ հարմար լինի, ես ինքս ինձ շատ ավելի քիչ սահմանափակված կզգամ»։

Այս խոսքերի մեջ մեկ մարդու պատմություն չէ միայն սա մի համակարգային իրականություն է, որը հաճախ մնում է անտեսանելի, որովհետև տեղի է ունենում տան դռնից ներս։

Տարիներ շարունակ «մատչելիություն» ասելիս մենք պատկերացնում ենք փողոց, թեքահարթակ, հանրային տրանսպորտ, պետական շենք, սակայն հետազոտությունը մեկ անգամ ևս փաստում է, որ մատչելիության ամենաառաջին խնդիրը հաճախ տանն է եթե տունը ֆունկցիոնալ չէ, արտաքին միջավայրի բարելավումը կարող է պարզապես չհասնել մարդուն։ photo_2026-04-01_10-39-14

Երբ միջավայրը սահմանում է հնարավորության սահմանը

Ժամանակակից հաշմանդամության իրավունքահեն մոդելը վաղուց դուրս է եկել «բժշկական խնդրի» նեղ շրջանակից։ Միջազգային քաղաքականություններում առանցքային է դարձել ֆունկցիոնալության և միջավայրի փոխազդեցության տրամաբանությունը մարդուն սահմանափակում է ոչ այնքան իր վիճակը, որքան անհամապատասխան միջավայրը։

«Իմ հարմար տունը» ծրագրի շրջանակում Սյունիքի երեք՝ Սիսիան, Գորիս և Կապան համայնքներում իրականացված հետազոտությունը և դրա ընթացքում կատարված 122 տնայցերն այս տեսությունը վերածում են շատ կոնկրետ իրականության։ Դիտարկումները ցույց են տալիս, որ միջավայրային սահմանափակումների մեծ մասը սկսվում է բնակարանի ներսում՝ մուտքից, սանհանգույցից, ներքին տեղաշարժից։ Սա նշանակում է, որ բազմաթիվ դեպքերում մարդը կարող է ունենալ կրթվելու, աշխատելու կամ համայնքային կյանքին մասնակցելու ներուժ, սակայն ֆիզիկական միջավայրը փաստացի «փակում է» այդ հնարավորությունները։

Տարիքային բաշխումն էլ է խոսուն խնդիրը կենտրոնացած չէ մեկ խմբի վրա։ Այն ուղեկցում է մարդուն կյանքի տարբեր փուլերում։ Այս փաստը քաղաքական հստակ հետևություն ունի տնային միջավայրի անհարմարեցվածությունը պետք է դիտարկել որպես կյանքի ցիկլային ռիսկ, ոչ թե առանձին սոցիալական դեպք։

Մուտքը՝ որպես մասնակցության իրական սահման

Հետազոտության ամենակոշտ ազդակներից մեկը վերաբերում է հենց բնակարանի մուտքին։ Տվյալները ցույց են տալիս, որ հատկապես հենաշարժողական խնդիր ունեցող անձանց զգալի մասը չի կարողանում ինքնուրույն դուրս գալ տնից երեք համայնքների կտրվածքով մոտ 60 տոկոսի համար դա հնարավոր է միայն օգնությամբ։

Փորձագիտական տեսանկյունից սա չափազանց կարևոր ցուցանիշ է։ Այն փաստացի սահմանում է մասնակցության «ֆիզիկական շեմը»

        եթե մարդը չի կարողանում դուրս գալ տնից,

        նա չի կարող լիարժեք օգտվել կրթությունից,

        առողջապահական ծառայություններից,

        աշխատանքի հնարավորություններից,

        համայնքային կյանքից։

Այս պայմաններում արտաքին միջավայրի նույնիսկ որակյալ բարելավումները կորցնում են իրենց իրական ազդեցության զգալի մասը։

Իրականացված հետազտության ընթացքում հազվադեպ չէր իրավիճակը, երբ մարդը ամիսներով չէր լքել իր տունը՝ ոչ թե առողջական վիճակի, այլ հենց մուտքի անհարմար լինելու պատճառով։ undefined

Տան ներսում ձևավորվող կախվածության մեխանիզմը

Դաշտային տվյալները ցույց են տալիս նաև ներտնային խոչընդոտների կայուն պատկեր՝

        սանհանգույցների սահմանափակ հասանելիություն,

        սենյակների մասնակի օգտագործելիություն,

        անվտանգ տեղաշարժի խոչընդոտներ,

        ֆունկցիոնալ կարիքներին չհամապատասխանող պլանավորում։

Այս պայմաններում մարդը ֆիզիկապես բնակվում է իր տանը, սակայն գործնականում չի կարողանում իրականացնել առօրյա հիմնական գործողությունները առանց օգնության։ Այստեղ է սկսվում կախվածության աստիճանական խորացումը։

Սոցիալական քաղաքականության փորձը ցույց է տալիս հստակ օրինաչափություն նույնիսկ փոքր միջավայրային խոչընդոտները ժամանակի ընթացքում բերում են մարդու ինքնուրույնության նվազման, դրա հետևանքով աճում է խնամքի բեռը, խորանում է սոցիալական մեկուսացումը, և ի վերջո ավելանում են նաև պետական ծախսերը։

Սյունիքի տվյալները ցույց են տալիս, որ այս շղթան արդեն ակտիվ փուլում է բազմաթիվ ընտանիքների համար։

Ինչու՞ է կարևոր սկսել հենց տնային պայմաններից

Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Էստոնիայի փորձի համադրությունը ցույց է տալիս մի կարևոր օրինաչափություն այն երկրներում, որտեղ տնային պայմանների հարմարեցումը վաղ փուլում ինտեգրվել է սոցիալական քաղաքականության մեջ, նկատվում է երեք համակարգային արդյունք՝

  1. նվազում է ինստիտուցիոնալ խնամքի պահանջարկը,
  2. երկարաձգվում է անկախ կյանքի տևողությունը,
  3. կրճատվում են առողջապահական և խնամքի երկարաժամկետ ծախսերը։

Այս մոդելներում հարմարեցումը դիտարկվում է ոչ թե որպես շինարարական միջամտություն, այլ որպես ֆունկցիոնալ անկախության գործիք։

Սա հատկապես կարևոր է այն երկրների համար, որոնք գտնվում են ապաինստիտուցիոնալացման փուլում, քանի որ տնային միջավայրի անհարմարեցվածությունը հաճախ դառնում է ընտանիքից դուրս խնամքի հիմնական «անտեսանելի» պատճառներից մեկը։

Հայաստանի համար հիմնական քաղաքական ազդակը

Սյունիքի տվյալների և միջազգային փորձի համադրությունը բացահայտում է նաև մեկ խորքային թյուրըմբռնում, որը երկար տարիներ ձևավորել է մոտեցումները Հայաստանում։ Տարածված կարծիք կա, թե տնային պայմանների հարմարեցումը վերաբերում է բացառապես հենաշարժողական կամ «տեսանելի» ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց։ Իրականում տվյալները ցույց են տալիս, որ սա չափազանց նեղ պատկերացում է։

Տնային միջավայրի անհամապատասխանությունը կարող է լրջորեն սահմանափակել նաև այլ խմբերի։ Օրինակ՝

        տեսողության խնդիրներ ունեցող անձի համար վտանգավոր լուսավորությունն ու տարածական կազմակերպումը բարձրացնում են վնասվածքների ռիսկը,

        լսողության խնդիրերի դեպքում ձայնային ազդանշանների բացակայությունը ստեղծում է անվտանգության խնդիրներ,

        զարգացման կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխաների համար չկառուցված միջավայրը խորացնում է ինքնասպասարկման դժվարությունները,

        հոգեկան առողջության խնդիրների դեպքում միջավայրային գերծանրաբեռնվածությունը կարող է ուժեղացնել կախվածությունը,

        տարեցների համար նույնիսկ փոքր խոչընդոտները բազմապատկում են ընկնելու վտանգը։

Սյունիքի տվյալներն էլ են սա հաստատում տնային հարմարեցման կարիքը ունի բազմագործոն բնույթ և չի սահմանափակվում մեկ խմբով։ Սա նշանակում է, որ քաղաքականությունը, որը հարմարեցումը դիտարկում է միայն ֆիզիկական մատչելիության նեղ շրջանակում, արդեն չի համապատասխանում իրական պահանջարկին։

Այս տեսանկյունից Հայաստանի հիմնական մարտահրավերը միայն տեխնիկական չէ։ Ավելի խորքային խնդիր է միասնական, կանխատեսելի և մասշտաբավորվող ծառայության մոդելի բացակայությունը, որը կհենվի ֆունկցիոնալ կարիքների վրա և կապահովի հավասար հասանելիություն համայնքների միջև։

Վերջաբան

Եթե մենք շարունակենք մատչելիությունը չափել միայն դրսում՝ առանց տուն մտնելու, շատ մարդկանց համար «մատչելի քաղաքը» կմնա հեռավոր գաղափար։ Իսկ եթե սկսենք շեմից ներս՝ ապա մի փոքր, ճիշտ նախագծված հարմարեցումը կարող է բացել  ամենամեծ դուռը՝ դեպի անկախ կյանք և դեպի նույն հնարավորությունները, որոնք արդեն գոյություն ունեն տան շեմից դուրս։

 

ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ

«Իմ հարմար տունը» ծրագրի հետազոտող-վերլուծաբան,

Սոցիալական ծառայությունների փորձագետ

 

***

Սույն հոդվածը պատրաստվել է «Իմ հարմար տունը» ծրագրի շրջանակում: Այն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» և «Դարման» ՀԿ-ների կողմից: «Իմ հարմար տունը» ծրագիրը «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կոմղմից իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի ենթադրամաշնորհային բաղադրիչ է: Բովանդակության համար պատասխանատվություն են կրում «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» և «Դարման» ՀԿ-ները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական Միության տեսակետները: