Foto

Մինասյան եղբայրների տանը փնտրում էին վարչապետի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված նախագիծ, գտան գրքեր. փաստաբան

Այս պահին մեր ունեցած տեղեկությունն այն է, որ մեղադրանք է ներկայացվելու: Այն մեզ հայտնի է դարձել պաշտոնական հաղորդագրությունից, մանրամասները, թե ինչ հանգամանքներ են նշված, ում նկատմամբ է, անգամ դա չգիտենք: Այս մասին Երևան քաղաքի քննչական վարչության դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ և Միքայել Մինասյանների պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը:

«Երեկվա խուզարկությունից և բովանդակությունից, որը գրված էր խուզարկության որոշման մեջ, կարող եմ ենթադրել, որ երևի, անտեսելով բոլոր փաստական տվյալները, որոշում է ընդունվել երեքի մասով էլ քրեական հետապնդման որոշում կայացնել:

Տնից, բնականաբար, որևէ բան չեն հայտնաբերել, չէին կարող հայտնաբերել: Համաձայն որոշման, փնտրում էին վարչապետի քաղաքական գործունեությունը միջամտելուն ուղղված բռնության և խուլիգանության, Գևորգ Գևորգյանի կողմից կազմակերպված  գործողության իրենց պայմանավորվածությունը հաստատող փաստեր, նաև դրա նախագծման և իրականացման վերաբերյալ նախագիծ: Իրենք, բնականաբար, հանդիպեցին պատվոգրերի, գրքերի, լավ կլիներ կարդային, իրենց էլ որ պետք լինելու,  կարծում եմ, հանդիպեցին գովասանագրերի, շնորհակալագրերի»,-նշեց նա:

Խոսելով տղաների առողջական վիճակի մասին, փաստաբանն ասաց.

«Տղաները երկուսն էլ ունեն առողջական խնդիրներ, դրանք նոր չեն առաջացել: Խնդիրն այն է, որ Դավիթի առողջական խնդիրն ուղիղ հակասում է Կառավարության որոշմամբ սահմանված ազատության սահմանափակմանը, այսինքն՝ կոնկրետ խոչընդոտ է: Մեկ րոպե շուտ այդ երեխան պետք է հայտնվեր ազատության մեջ»,-ընդգծեց Մարտիրոսյանը: 

Նա ասաց, որ քննարկման ենթակա չէ, թե ով էր միջադեպի հրահրողը: Կադրեր կան, թե ինչպես է Դավիթ Մինասյանը դեմքի շրջանում բռունցքով հարված ստանում: 

«Ես վստահ եմ, որ այդ կադրը նաև վարույթ իրականացնող մարմնի տիրապետման տակ է գտնվում, բռունցքով հարվածը՝ ուղղված դեպի Դավիթ Մինասյանին, որի հետևանքով նա ընկնում է: Բնականաբար, այս պահին այդ ամենն անտեսվում է»,-նշեց փաստաբանը: