Ֆլորիդայի նահանգապետը ստորագրել է օրենք, ըստ որի Փալմ Բիչ քաղաքի օդանավակայանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին կվերանվանվի նրա անունով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News-ը։
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ Փալմ Բիչի օդանավակայանը, որից ոչ հեռու գտնվում է Միացյալ Նահանգների նախագահի նստավայրը, կստանա «Դոնալդ Թրամփի միջազգային օդանավակայան» անվանումը։
Օրենքը պետք է ուժի մեջ մտնի հուլիսի 1-ից։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հայտարարել է, որ օդանավակայանի անվան փոփոխությունը տեղական նշանակության հարց է, և վարչությունն անվանափոխությունները չի հաստատում։
«Այնուամենայնիվ, Դաշնային ավիացիայի վարչությունը պետք է որոշ վարչական առաջադրանքներ կատարի, այդ թվում՝ թարմացնի նավիգացիոն քարտեզները և տվյալների բազաները», – գերատեսչության հայտարարությունից հատված է մեջբերում CBS News-ը։
Անվանափոխության հարցով փետրվարին դիմում էր ներկայացրել Դոնալդ Թրամփի ընտանիքին պատկանող The Trump Organization-ը։









