Foto

Բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Իսպանիայի ազգային գրադարանում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» խորագրով ցուցահանդեսը, որը կյանքի է կոչվել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ նշյալ գրադարան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ցուցադրության հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իսպանիայի մշակույթի գծով պետական քարտուղար Ջորջի Մարթի Գրաուն, գրադարանի տնօրեն Օսկար Արոյո Օրտեգան, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը։

Բացման արարողությանը ներկա են եղել Իսպանիայի մշակութային գործիչներ, պաշտոնատար անձինք, գործարարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնց համար կազմակերպվել է առանձին շրջայց։

Համատեղ ցուցադրությանը ներկայացվել են Մատենադարանում պահվող կարևորագույն հայկական ձեռագրերի ընտրանուց շուրջ մեկուկես տասնյակ թանգարանային առարկաներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանից դուրս։

Նախաձեռնությունը դիտարկվում է որպես մշակութային դիվանագիտության արդյունավետ գործիք՝ ամրապնդելով ՀՀ դիրքերը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ոլորտում։

Ցուցադրության համադրողն է Իվեթ Թաջարյանը։ Այն կգործի մինչև 2026թ․-ի հունիսի 21-ը: