1990 թվական, օգոստոսի 23, պատմական օր. Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, հռչակեց միասնական պետականության հաստատման սկիզբը: Անկախության հռչակագրի ընդունման օրն էր։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
«Անկախության հռչակագիրը մեր պետականության ակունքն է, հիմնաքարը, մեր պետության ծննդյան վկայականը։ Այսօր ՀՀ վարչապետն Անկախության հռչակագիրն անվանում է կոնֆլիկտածին փաստաթուղթ: Քաղաքական ուժ, որը երեք պատերազմ բերեց՝ ավերիչ հետևանքներով. Արցախի կորուստ, տարածքային կորուստներ, օկուպացիա, իրենց իսկ նկարագրած անգամ քարտեզում և հազարավոր հայրենակիցների կորուստ»,-նշել է նա:
Մելոյանն ընդգծել է, որ Անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին են հայտարարում, որովհետև, ըստ նրա, Ադրբեջանը հրահանգավորել է հրաժարվել Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումից, իսկ դա նշանակում է հրաժարվել պետականության իրավական հիմքերից:
«Ի՞նչ է ասում Սահմանադրության նախաբանը:
Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին` ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Օրերս արտահոսք եղավ Սահմանադրության նախագծի աշխատանքային տարբերակի, որում, ինչպես Ադրբեջանը թելադրել էր, Սահմանադրության նախաբանն այլևս չկա։ Մնացած խնդրահարույց ու լրջագույն վտանգներ ներկայացնող փոփոխություններին լրացուցիչ առանձին տեսանյութով կանդրադառնամ, բայց սա հերթական անվտանգային խնդիրն է։ Այժմ թիրախավորված է մեր երկրում իրավական անվտանգությունը, իսկ իրավական անվտանգության առաջնային խնդիրը երկրի սահմանադրական կայունությունն է և սահմանադրական կարգի պահպանումը»,- պարզաբանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը։
Նա ասել է, որ ՀՀ-ն ունի իրավական անվտանգության թե՛ արտաքին, թե՛ ներքին մարտահրավերներ ու այսօր առերեսվում է դրան։
«Արդյո՞ք մենք համաձայն ենք թույլ տալու այս քաղաքական ուժին, հարվածի տակ դնելու ու լրացուցիչ հետագա միջազգային հարթակներում բարձրացնելու Հայաստանի Հանրապետության, որպես պետականության, որպես ինքնիշխան միավոր հետագա գոյի հարցը»,-եզրափակել է Գոհար Մելոյանը։









