Monument Watch-ը ահանզանգում է․
2025 թվականին ադրբեջանական կողմը վերաբնակեցրել է Խնածախ գյուղը և տարածել գյուղի ադրբեջանցիների «վերադարձը» փաստող լուսանկարներ: Արբանյակային լուսանկաները (նկ. 1) փաստում են, որ ադրբեջանական կողմը դեռևս 2025 թվականի հուլիսին ոչնչացրել է գյուղի Հայրենական պատերազմի և Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանները, Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղի պաշտպանների շիրիմները, որոնք գտնվում էին հուշարձանի տարածքում (նկ. 2, 3): Ոչ միայն ոչնչացվել է հուշարձանը, այլ նաև կատարվել են զգալի հողային աշխատանքներ, ինչն ակնհայտ երևում է երբ համեմատվում են հուշարձանի 2023 թվականի արբանյակային լուսանկարները (նկ. 4): Ոչնչացված հուշարձանի տեղում կանգնեցրել գյուղի հնարած ադրբեջանական անվան (Xanyurdu kəndi) ցուցանակը (նկ. 5):
Մեր արձագանքը
Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանների ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։ Այն խախտում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող 2021 թվկանի դեկտեմբերի 7-ի որոշումները, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով միայն եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20211207-PRE-01-00-EN.pdf
Հուշարձանի ոչնչացումը խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները ունեն միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։
Կարևոր է արձանագրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզում տեղի ունեցած 33-րդ նստաշրջանի Գլխավոր կոնֆերանսի կողմից 2003 թ. ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագիրը արգելում է ժառանգության դիտավորյալ ոչնչացումը։









