Եթե հայ ժողովուրդը չհիշեց Արցախը, մենք հաջորդ Արցախն ենք ունենալու։ Այս մասին արցախցիների հետ հանդիպման ժամանակ ասել է Սամվել Կարապետյանը։
«Ողջունում եմ հերոս և ուժեղ արցախցիներին։ Դուք իրոք աշխարհի ամենատանջված, հերոս մարդիկ եք։ Ինձ թվում է՝ դուք էլ լավ գիտեք, բայց վերջին ժամանակներս կարծես ձեզ ուզում են խեղճացնել։ Ես վստահ եմ՝ դուք չեք խեղճանա, դրա համար խորհուրդ եմ տալիս ոչ մի դեպքում թույլ չտալ դա։ Դուք լուրջ պահանջատեր եք, դուք պարտավոր եք պահանջել ոչ միայն ձեր իրավունքները, այլև այն ամենը, ինչ կորցրել եք Արցախում»,- նշել է նա։
Կարապետյանը հիշեցրել է Արցախի հետ ունեցած տարիների կապն ու իրականացված ծրագրերը՝ շեշտելով, որ Արցախը միշտ համարել է իր երկրորդ հայրենիքը։
«Ամեն ինչ անում էի, որ դուք այնտեղ ձեզ լավ զգաք, որ ունենաք ինչ-որ չափով բարեկեցիկ կյանք, որովհետև դուք մեր ազգի առաջամարտիկներն էիք»,- ասել է Կարապետյանը։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին և արցախցիների առջև ծառացած խնդիրներին՝ Սամվել Կարապտյանը անդրադարձել է ներկա իշխանություններին։
«Բոլորս գիտենք, թե ում պատճառով դուք ունեցաք այդ խնդիրները։ Մեղավորը միայն այս ներկա իշխանությունն է, ովքեր ամեն ինչ արեցին, որ հայաթափեն մեր երկրորդ հայրենիքը, հիմա էլ ամեն ինչ անում են, որ հայաթափեն մեր առաջին հայրենիքը։ Դուք ձեր հայրենիքում պետք է ամենալավ ձևով ապրեք, ապրեք ձեր պահանջներով, որովհետև գիտեմ, որ կորցրել եք ամեն ինչ, և ամենագլխավորն եք կորցրել, ինչով մարդը պարտավոր է ապրել ու չկորցնել»։
Սամվել Կարապետյանը կոչ է արել արցախցիներին չկորցնել իրենց հույսը։
«Հույսներդ մի կտրեք, դրա համար կա մի շատ լավ օր․ շուտով հունիսի 7-ն է գալու, և ամբողջ հայ ժողովուրդը պետք է հիշի Արցախը, պետք է հիշի Հայաստանի իշխանություններին։ Որովհետև եթե չհիշեց, մենք հաջորդ Արցախն ենք ունենալու և հերթով ունենալու ենք այդպիսի Արցախներ»,- եզրափակել է նա։









