Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես են կտրում Ամիրյան փողոցի ծառերը։
«ՔՊ-ն շարունակում է «մուռ» հանել երևանցիներից․ ծառերի հերթական սպանդ, օդի աղտոտվածության ավելացում»,- հրապարակած տեսանյութին կից գրել էր Ստեփանյանը։
MediaHub-ը թեմայի շուրջ զրուցեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ, ով էլ նշեց՝ եթե ծառ են կտրում, ապա դրա խիստ անհրաժեշտությունը կա։
«Ամիրյան փողոցը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կողմից ամբողջովին ենթարկվում է բարեկարգման, և հետևաբար մենք գիտենք՝ տարածքում կան կենսունակությունը կորցրած, կենսունակության ավարտին մոտ, փտած, տձև, հիվանդ ծառեր։ Որպեսզի հետագայում այդ աշխատանքները չանենք և չվնասենք եզրաքարերը, նոր խփված բնական քարերով մայթերը, աշխատանքները մեկտեղել ենք»,- նշեց Բեգոյանը։
Նրա խոսքով՝ հաջորդ փողոցը, որտեղ կտրվելու են ծառերը, Պռոշյանն է լինելու։
Էմմա Մարտիրոսյան









