Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ԵՄ պատժամիջոցների ցանկում չէ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի»-ից, այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Անվար ալ-Անունին։
«Թույլ տվեք հստակեցնել այս հարցը։ Եվրամիության պատժամիջոցների ցանկը հրապարակային է և հասանելի է բոլորին։ Մոջթաբա Խամենեին չի գտնվում ԵՄ պատժամիջոցների ցանկում։ Ցանկացած նոր միջոցառման վերաբերյալ որոշումները կայացնում է ԵՄ խորհուրդը՝ բոլոր 27 անդամ պետությունների կողմից միաձայն», – պատասխանել է նա պատժամիջոցների վերաբերյալ հարցին։
Իրանի փորձագետների խորհուրդն ավելի վաղ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով սպանված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդուն՝ այաթոլլա Մոջթաբա Խամենեիին ընտրել է Իսլամական Հանրապետության նոր առաջնորդ։
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։









