Foto

Սերիա Ա․ «Միլան»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Ինտեր»-ին՝ կրճատելով տարբերությունը

Իտալական Ա Սերիայի 28-րդ տուրի շրջանակում կայացավ միլանյան դերբին. «Սան Սիրո» մարզադաշտում միմյանց բախվեցին «Միլանն» ու «Ինտերը»։ Դանիելե Դովերիի գլխավորությամբ ընթացող հանդիպումն ավարտվեց «ռոսոներիների» նվազագույն հաղթանակով՝ 1:0 հաշվով։


Հանդիպման հաղթական գոլը 35-րդ րոպեին հեղինակեց «Միլանի» պաշտպան Փերվիզ Էստուպինյանը։

«Ներաձուրիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից։ Հայ ֆուտբոլիստն ուներ հրաշալի հնարավորություն գրավելու Մայք Մենյանի պաշտպանած դարպասը, սակայն նրա հարվածից հետո ֆրանսիացի դարպասապահը վստահ խաղաց՝ որսալով գնդակը։ Մխիթարյանը փոխարինվեց 59-րդ րոպեին։


Խաղի 68-րդ րոպեին վնասվածքի պատճառով ստիպված եղավ խաղադաշտը լքել «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։

Այս կարևոր հաղթանակի շնորհիվ «Միլանը» վաստակեց 60 միավոր, ամրապնդվեց երկրորդ հորիզոնականում և կրճատեց միավորների տարբերությունը առաջատարից։ «Ինտերը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 67 միավոր։

tert.am