Foto

Մրգաշատում թալանել են հարսանիքի մասնակիցների տները

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում  արձանագրվել է բնակարանային գողության դեպք, որը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 15-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչներն այդ օրը հարսանեկան արարողության մասնակցելիս են եղել, կեսգիշերից անց վերադառնալով՝ տունը հայտնաբերել են թալանված։ Տեղում պարզվել է, որ ոչ միայն այդ մի տունն են թալանել, այլ ևս մեկ տուն, որի ընտանիքի անդամները նույնպես մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանը։

Պարզվում է, որ տուն են մտել եվրոպատուհանը բացելու միջոցով և այնտեղից հափշտակել են ոսկյա զարդեր, գումար՝ տուժողին պատճառելով մոտ 35 հազար ԱՄՆ դոլարի վնաս։ Հանցագործը կամ հանցագործները նույն գյուղում նույն օրը թալանել են նաև տուժած ընտանիքի պապիկի տունը, այնտեղից նույնպես տարել են խոշոր չափի գումար։ Այդ տանը նույնպես քննչական գործողություններ են կատարվել և նույնպես նախաձեռնվել է քրեական վարույթ։

Երեկ՝ մարտի 8-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում ընտանիքի անդամներն իրենց զայրույթն են ուղղել ոստիկանության Արմավիրի բաժնի, Արմավիրի քրեական ոստիկանների և քննիչների հասցեին՝ ասելով. «Ինչպե՞ս կարելի է 5 ամիս շարունակ չբացահայտել գողության դեպքը, մինչդեռ ամբողջ Հայաստանը գիտի, որ ամեն մետրի վրա տեսախցիկներ կան։ Իսկ ի՞նչ են անում քրեական հետախույզները, մի՞թե այդքան թուլացել են, որ նույնիսկ օպերատիվ ճանապարհներով չեն կարողանում գտնել տականքներին։ Բայց ո՛չ, վստահ ենք, որ տներ մտնողները լավ իմացել են, որ այդ օրը մենք մասնակցում էինք մեր հարազատի հարսանեկան արարողությանը և տանը մարդ չկար»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։