Foto

Մխիթարյանը շրջանցել է Վերոնի ցուցանիշը


Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Ա Սերիայում կատարած գոլային փոխանցումների քանակով շրջանցել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Խուան Սեբաստյան Վերոնին:


Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում իր ակտիվում ունի արդեն 41 արդյունավետ փոխանցում, մինչդեռ Վերոնի ցուցանիշը կազմում է 40:

Այս տպավորիչ վիճակագրության և արդյունավետ խաղի ֆոնին միլանյան գրանդը սոցցանցերի իր պաշտոնական էջերում հատուկ հրապարակում է կատարել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպանին։


Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին, Մխիթարյանը հերթական հիանալի հանդիպումն է անցկացրել Ա Սերիայի 27-րդ տուրի՝ «Ջենոայի» դեմ խաղում: «Ինտերը» վստահ հաղթանակ է տարել 2։0 հաշվով, իսկ հայ ֆուտբոլիստը դարձել է փայլուն գոլային փոխանցման հեղինակ՝ բարելավելով իր անհատական ցուցանիշները։