ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններից մեկում ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը զբաղեցրած անձը քրեական վարույթով կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթուղթ: Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից։
Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերը նշված քննիչը 2023 թվականին իրեն հանձնարարված քրեական վարույթով մեղադրյալի և վկայի բացակայության պայմաններում կազմել է իրականությանը չհամապատասխանող արձանագրություն, որում ներառել է քննչական գործողության ընթացքում տրված հարցերին վկայի և մեղադրյալի անունից հնչեցված մտացածին պատասխաններ:
Հիշյալ արձանագրության իսկությունը հավաստելու համար քննիչի կողմից դրանում նշված անձանց փոխարեն կատարվել են համապատասխան գրառումներ և դրվել ստորագրություններ՝ կազմված կեղծ փաստաթուղթը շրջանառության մեջ դնելու և քրեական վարույթի նյութերին կցելու նպատակով:
Պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ ՔԿ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:









