«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում առցանց տաքսի ծառայությունների ոլորտի արագ զարգացումն ու թվային հարթակների հետևանքով առօրյա կյանք մուտք գործած նոր սովորությունները հաճախ ծածկում են այն բազմաշերտ հարցերը, որոնք պահանջում են հասարակության ու պետության լուրջ ուշադրությունը։ Տաքսի կանչելու գործընթացը, որը դարձել է սովորական և հասանելի գրեթե բոլորին, իրականում վերածվել է բարդ տնտեսական և սոցիալական խնդրի, որտեղ թափանցիկության պակասը պայմաններ է ստեղծում անվստահության խորացման համար, իսկ կարգավորումների բացակայությունը կամ թերությունը խորացնում է աշխատանքային իրավունքների ոտնահարումները։
Այսպիսով, ուղևորների դժգոհությունը հիմնականում պայմանավորված է գնագոյացման անհասկանալի մեխանիզմներով, երբ նույն ճանապարհի համար տարբեր ժամանակահատվածներում կամ եղանակային պայմաններում գինը կտրուկ փոխվում է՝ մեծամասամբ զուրկ լինելով տրամաբանական բացատրությունից, ինչը ստեղծում է այն զգացողությունը, որ սակագները պայմանավորված չեն օբյեկտիվ շուկայական կամ ծառայության որակի չափանիշներով, այլ կամայական որոշումների արդյունք են։ Պատահում է այնպես, որ մի թեթև անձրևի ժամանակ գինը կարող է գրեթե կրկնապատկվել՝ առանց իրական անհրաժեշտության, մինչդեռ իրապես բարձր պահանջարկի պայմաններում, երբ փողոցները լիարժեք երթևեկելի են, գինը կարող է անհասկանալի կերպով ավելի ցածր լինել, քան բարդ եղանակային պայմաններում։ Ընդհանուր առմամբ, տաքսու գներն օրվա ընթացքում մեծ չափերով տատանվում են, որոնք պայմանավորող հանգամանքները դժվար է չափելի համարել։ Իսկ այս պայմաններում ստեղծված անորոշությունը ստիպում է քաղաքացիներին կասկածել գնագոյացման արդարության և ծառայություն մատուցողների թափանցիկության նկատմամբ։
Այս իրավիճակը խորանում է նաև այն պատճառով, որ վարորդները գտնվում են կախվածության մեջ առցանց հարթակների կողմից սահմանված խիստ կանոններից, սակայն չունեն հնարավորություն՝ պաշտպանելու իրենց շահերը կամ ազդելու միջնորդավճարների չափի վրա, ինչը նրանց դարձնում է խոցելի թիրախ շուկայական տատանումների և ընկերությունների կամայական որոշումների առջև»։









