Foto

Եվրոպական հանձնաժողովը մաքսատուրքերի հարցով հստակություն է պահանջել ԱՄՆ-ից

Եվրոպական հանձնաժողովը պահանջել է Վաշինգտոնից «լիակատար հստակություն» մտցնել՝ կապված քայլերի հետ, որն ամերիկյան կողմը մտադիր է ձեռնարկել մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Գերագույն դատարանի կողմից ԱՄՆ նախագահի սահմանած մաքսատուրքերի անօրինական լինելու մասին որոշումից հետո Թրամփը փետրվարի 20-ին հայտարարել էր համաշխարհային ապրանքների վրա նոր՝ 10% մաքսատուրք սահմանելու մասին՝ հաջորդ օրը դրանք հասցնելով 15%-ի։

«Ներկայիս իրավիճակը չի նպաստում երկու կողմերի միջև համաձայնեցված «արդար, հավասարակշռված և փոխշահավետ» տրանսատլանտյան առևտրի և ներդրումների ապահովմանը», – ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

2025 թվականի առևտրային համաձայնագիրը ԱՄՆ մաքսատուրքի դրույքաչափը սահմանել է 15% ԵՄ ապրանքների մեծ մասի համար, բացառությամբ այն ապրանքների, որոնց վրա գործում են այլ՝ ոլորտային մաքսատուրքեր, ինչպիսին է պողպատը։ Այն նաև նախատեսում էր զրոյական մաքսատուրք որոշ ապրանքների վրա, ինչպիսիք են ինքնաթիռները և դրանց պահեստամասերը: ԵՄ-ն համաձայնվեց վերացնել ԱՄՆ-ի բազմաթիվ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը և հրաժարվեց ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներից։

«Մասնավորապես, ԵՄ ապրանքները պետք է շարունակեն օգտվել առավել մրցակցային ռեժիմից՝ առանց մաքսատուրքերի բարձրացման, որը գերազանցում է նախկինում համաձայնեցված հստակ և համապարփակ շեմը», – հայտարարել է ԵՄ գործադիր մարմինը՝ հավելելով, որ անկանխատեսելի մաքսատուրքերը կործանարար են և խաթարում են վստահությունը համաշխարհային շուկաներում։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը փետրվարի 21-ին քննարկել է այս հարցը ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի և առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հետ։