Foto

Հայկական Davaro ԱԹՍ արտադրողը հերքել է իսրայելական Harop-ի կրկնօրինակման մեղադրանքները

Հայկական Davaro ԱԹՍ արտադրող ընկերությունը հերքել է իսրայելական Harop -ի կրկնօրինակման մեղադրանքները։ Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին օրերին միջազգային մամուլում շրջանառվում է տեղեկատվություն, որ Davaro ընկերության ստեղծված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համակարգերի հիմքում այլ արտադրողների տեխնոլոգիաներ են:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հրապարակված վերլուծությունները կատարված են ոչ ճշգրիտ և իրական բնութագրերին չհամապատասխանող տվյալների հիման վրա։ Davaro ընկերությունն իր արտադրանքների մշակումներն իրականացնում է բացառապես սեփական տեխնոլոգիական լուծումների հիման վրա՝ հենվելով հայկական ինժեներական ներուժի, կուտակած փորձի և գիտատեխնիկական կարողությունների վրա»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Ընկերությունն ընդգծում է, որ իրենց մշակած համակարգերը բնութագրվում են բարձր տեխնոլոգիական լուծումներով, կատարելագործված կառուցվածքով և բարձր արդյունավետությամբ։

Շեշտում են՝ դրանք չեն զիջում, իսկ մի շարք ցուցանիշներով գերազանցում են հրապարակումներում նշված համակարգերին ինչպես որակական, այնպես էլ գործառութային հնարավորությունների առումով։

«Հարկ ենք համարում նշել, որ անօդաչու թռչող սարքերի կոնցեպտների կամ կառուցվածքային սխեմաների որոշակի նմանությունները չեն կարող դիտարկվել որպես նմանակում կամ կրկնօրինակում։ Ավիացիոն և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվում են համընդհանուր ինժեներական մոտեցումներ և աերոդինամիկական լուծումներ, որոնք միջազգային պրակտիկայում ընդունված են որպես արդյունավետ կառուցվածքային սկզբունքներ»,- նշում են Davaro-ում։