Սիրիացի քուրդերի հիմնական պահանջը երկրի հյուսիսարևելյան շրջաններում իրենց կողմից ստեղծված ինքնակառավարման մարմինների պահպանումն է: Այս մասին Rudaw հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական կոալիցիայի հրամանատար Մազլյում Աբդին:
«Մենք ինքնավարություն ենք ուզում՝ անկախ անվանումից. մեզ համար կարևոր է, որ քուրդերը ինքնուրույն կառավարեն այն տարածքը, որտեղ բնակվում են»,- նշել է ռազմական առաջնորդը: Նա նաև հայտնել է, որ քրդական հարցը քննարկել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում:
Ըստ Աբդիի՝ «քուրդերի իրավունքները և Սիրիայում նրանց շրջանների հատուկ կարգավիճակը պաշտպանվում են Եվրամիության շատ ներկայացուցիչների կողմից»։ «Մենք այժմ երկխոսություն ենք վարում Դամասկոսի անցումային կառավարության հետ այնպիսի մեխանիզմի շուրջ, որը թույլ կտա իրականացնել քուրդ ժողովրդի ձգտումները», - նշել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատարը։
Աբդին ընդգրկված է եղել Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շեյբանիի գլխավորած պատվիրակության կազմում, որը փետրվարի 13-ին Մյունխենի համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ «Բանակցությունների ընթացքում քննարկվել է միջազգային տերությունների դերը՝ որպես քրդերի և սիրիական իշխանությունների միջև հունվարի 29-ին կնքված համաձայնագրի կատարման երաշխավորներ», - հայտնել է նա։









