Foto

Դատարանը մերժել է ՀԱԵ-ի փաստաբանական թիմի միջնորդությունը Արման Սարոյանի վերաբերյալ

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ մերժել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու փաստաբանական թիմի միջնորդությունը՝ նախկին հոգևորական Արման Սարոյանի (մինչ կարգալույծ լինելը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։​​​​​​​

Մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը դատարանը պարտավորեցրել էր ապահովել Արման Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, վերականգնել սահմանված իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը:

«Նման հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելը կարող է էական ոչ նյութական վնաս հասցնել հայցվորին՝ պայմանավորված վերջինիս ոչ նյութական բարիքներ համարվող՝ հոգևոր ծառայության մեջ լինելու, բարձր հեղինակավոր պաշտոն զբաղեցնելու հանգամանքներով և տվյալ պաշտոնում վարդապետություն իրականացնելու անհնարինության հետևանքով հոգեկան տառապանքի առաջացման անխուսափելիությամբ, որոնք ուղղակիորեն կապված են Հայոց Եկեղեցու դավանանքի, վարդապետության սկզբունքների, ավանդական կարգի, ինչպես նաև Եկեղեցու կանոնադրությամբ սահմանված՝ թեմակալ առաջնորդի՝ առանց պաշտոնավարման տևողության սահմանափակման նշանակվելու կանոնի հետ, ինչն էլ ենթադրում է հոգևոր ծառայության անընդհատություն»,- նշված է դատարանի որոշման մեջ։