Չնայած իշխանությունների բռնաճնշումներին ու հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներին՝ Վեհափառ Հայրապետը երեկ Aysor.am-ին ասել է՝ Եպիսկոպոսոց ժողովը կկայանա։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի ավագ քահանա Արթենյանն Aysor.am-ին ասաց, որ Սրբազան այն Հայրերը, որոնց նկատմամբ երկրից բացակայելու արգելք է կիրառվել, ժողովին կմասնակցեն հեռավար։
«Այժմ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում, հանձնախումբը որոշումներ կկայացնի»,- նշեց Տեր Եսային։
Եպիսկոպոսաց ժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև եկեղեցու դեմ արշավին միացած տիրադավներին, նրանցից, այս պահի դրությամբ, միայն Հովնան Տերտերյանն է հայտարարել իր մասնակցության մասին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով՝ փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողով։
Եկեղեցու դեմ արշավ հայտարարած իշխանությունները, սակայն, ուղիներ են փնտրում, որ եպիսկոպոսներին թույլ չտան մեկնել Հայաստանից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները, ինչպես նաև Տեր Մովսեսը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։









