Փետրվարի 10-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը՝ «Իրազեկված կին՝ պաշտպանված իրավունք» խորագրով։
Խորհուրդը բաղկացած է ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ փորձագետներից։
Նիստին բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։
Պաշտպանը ներկայացրել է միջոցառման հիմնական նպատակները՝ ընդգծելով կանանց իրավունքներին առնչվող հարցերի համակողմանի քննարկման, ինչպես նաև դրանց արդյունավետ և ճիշտ հասցեավորման գործում խորհրդի գործունեության կարևորությունը։
«Չափազանց կարևոր է ունենալ այնպիսի հարթակներ, որտեղ ոչ միայն կքննարկվեն կանանց իրավունքներին վերաբերող հարցերը, այլև կգործարկվեն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան դրանք լայնամասշտաբ և համակարգված կերպով հասցեավորելու։
Համոզված եմ՝ որքան էլ մարտահրավերային լինի այս խնդիրների մասին խոսելը, մենք պետք է անենք մեզանից կախված ամեն ինչ` ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու համար: Այս ոլորտում աշխատանքը պետք է լինի շարունակական և համակարգային, այլապես հնարավոր չէ հասնել ժամանակակից աշխարհի պահանջներին համարժեք արդյունքների», - նշել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը նաև շեշտել է, որ հատկապես զգայուն ոլորտներում արդյունավետ գործունեությունը հնարավոր չէ իրականացնել միայնակ․ անհրաժեշտ է համագործակցություն, համախոհների ներգրավում և ամուր գործընկերային հարաբերություններ։
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի դերը՝ որպես ոլորտի կարևորագույն և առանցքային գործընկերից մեկը՝ նշելով, որ հիմնադրամը մշտապես աջակցում է կանանց իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը՝ թե՛ մասնագիտական, թե՛ էթիկական բարձր չափանիշների պահպանմամբ։
Պաշտպանն անդրադարձել է նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց իրավունքների պաշտպանության և խթանման կարևորությանը՝ ընդգծելով կարծրատիպերի հաղթահարման անհրաժեշտությունը՝ որպես գործընթացի արդյունավետ իրականացման առանցքային պայման։
Նիստին ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Նրանք ևս կարևորել են խորհրդի դերը կանանց իրավազորման, նրանց նկատմամբ բռնության կանխարգելման գործընթացներում։
իստի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձել ոլորտային մի շարք հարցերի։ Քննարկվել են կանանց իրավունքների իրազեկման գործնական մեխանիզմների բարելավման հնարավորությունները, ինչպես նաև ձևավորվել են առաջնային գործողությունների վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ։
Այնուհետև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը և Safe YOU հարթակի օպերացիոն տնօրեն Լիլիթ Շախուլյանը ներկայացրել են ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի համակարգում Safe YOU հավելվածի ինտեգրման արդյունքները։
Ամփոփելով նիստը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել միջազգային և պետական մարմինների գործընկերներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում կայուն և դրական արդյունքների հասնելը հնարավոր է միայն համատեղ և համակարգված աշխատանքի միջոցով․ «Կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը հնարավոր է միայն բազմակողմանի համագործակցության պայմաններում»,– նշել է Պաշտպանը՝ առաջարկելով խորհրդի անդամներին ներկայացնել գաղափարներ, որոնց հիման վրա հաջորդ նիստում կքարտեզագրվեն թիրախային հարցերը և կհասցեավորվեն համապատասխան ձևաչափերով։
Միջոցառումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։









