Foto

Փորձելու են կիրառել «արևմտյան» սցենարի «հայկականացված» տարբերակը.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Տարբերժամանակահատվածներում, իսկ խորհրդարանական ընտրություններից առաջ՝ առավել ևս, գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պարբերաբար տարբեր հարցումներ են պատվիրում՝ ընտրություններից առաջ իրենց հնարավորությունները գնահատելու նպատակով։ Ընդ որում, հարցման այդ արդյունքները բացառապես ներքին օգտագործման համար են և իրականացվում են թե՛ սոցիոլոգիական 1-2 կոնկրետ կազմակերպությունների, թե՛ հատկապես Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից։ Եթե այդ հարցումների արդյունքները ինչ-որ չափով հուսադրող են լինում իշխանությունների համար, ավանդաբար դրանք «սլիվների» տեսքով տարածում են տարբեր հարթակներով։

Բայց արդեն տևական ժամանակ է, ինչ փաշինյանական իշխանությունը որևէ հարցման արդյունք դաշտ չի նետում։ Բանն այն է, որ «հրապարակելու» բան էլ չկա. ի մասնավորի, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս իրականացված մի քանի հարցումները չափազանց վատատեսական տրամադրություն են առաջացրել իշխանության ներսում։ Ըստ էության, մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի վարկանիշը չափազանց «տխուր վիճակում» է, մյուս կողմից՝ Ազգային ժողով անցնելու շանսեր ունեցող ուժերը փոքր թիվ են կազմում, և դրանց մեջ Փաշինյանին մերձ որևէ կուսակցություն չկա։ Փոխարենը խորհրդարան անցնող հիմնական ընդդիմադիր ուժերը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրից» գրեթե կրկնակի ավելի քվեներ կարող են ստանալ և արդյունքում առանց լուրջ դիմադրության Փաշինյանին զրկել իշխանությունից։ Ըստ այդմ, գործող իշխանությունները որոշել են գործի դնել, այսպես կոչված, «արևմտյան»՝ արդեն իսկ փորձված սցենարը։

Ոգևորված լինելով «մոլդովական սցենարից»՝ Հայաստանում Փաշինյանը շատ ավելի լուրջ և վտանգավոր խաղ է ձեռնարկել՝ կյանքի կոչելու այդ սցենարի «հայկականացված» տարբերակը՝ դրա համար օգտագործելով դեռևս 2021 թվականին Ընտրական օրենսգրքում և Քրեական օրենսգրքում իրականացված փոփոխությունները, որոնք լուրջ «սողանցքներ» են տալիս ՔՊ-ին՝ ընդդիմադիր ուժերին զրկելու ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։