Foto

Երկար սպասված լուր. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը․ Մխիթար Հայրապետյան

Հայաստանում արդեն կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը (մոնետիզացիան)։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նշենք, որ YouTube-ի հայտարարությունում ասված է, որ այսուհետ ՀՀ-ում ստեղծագործողները կարող են դրամայնացնել իրենց կոնտենտը և դառնալ ավելի քան 3 մլն մարդուց բաղկացած հանրության մի մասը, որոնք իրենց հոբբին վերածել են բիզնեսի հենց իրենց կայքում։

«Սա կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության ամրապնդման, մեր արագ աճող կոնտենտ արտադրողների/ստեղծագործողների համայնքի հզորացման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ։ Հայաստանի համար YouTube-ի նման հարթակները միայն բովանդակության մասին չեն․ դրանք տնտեսական հնարավորությունների, թվային ձեռներեցության և ապատեղեկատվության դեմ հասարակական դիմակայունության ամրապնդման մասին են՝ բազմազան և վստահելի ձայների միջոցով»,- գրել է նախարարը։
Հայրապետյանի խոսքով՝ ԲՏԱ նախարարությունը շարունակելու է համագործակցել համաշխարհային խոշոր գործընկերների հետ։ Ըստ նրա՝ այդպիսով հայ ստեղծագործողներն ու տեխնոլոգիական ընկերությունները լիարժեքորեն ինտեգրված կլինեն համաշխարհային թվային էկոհամակարգում։
Հայրապետյանը նաև նշել է, որ Հայաստանն ակնկալում է այս դրական զարգացումների շարունակականությունը ամերիկյան գործընկերների հետ համատեղ։

Վստահեցրել է՝ պատրաստ են խորացնել համագործակցությունը YouTube-ի և տեխնոլոգիական համայնքի ավելի լայն շրջանակի հետ։