ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Լաուրա Դոգուն շաբաթ օրը ժամանել է Կարակաս՝ Վենեսուելայում կրկին բացելու ամերիկյան դիվանագիտական առաքելությունը յոթ տարվա դադարից հետո, հայտնում է NBC News-ը։
Այս քայլը կատարվել է գրեթե մեկ ամիս անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռազմական գործողության արդյունքում առևանգեց հարավամերիկյան երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին։
«Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատանքի», – նշված է Դոգուի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ դեսպանության X սոցիալական ցանցի էջում։
Հրապարակվել են նաև նրա լուսանկարները, որոնք արվել են Մայկետիայի օդանավակայանում վայրէջքից հետո։ Վենեսուելան և ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերությունները խզել էին 2019 թվականի փետրվարին Մադուրոյի որոշմամբ։
Երկու կողմերն էլ փակել էին իրենց դեսպանատները այն բանից հետո, երբ Թրամփը հրապարակայնորեն աջակցեց պատգամավոր Խուան Գուայդոյին, որը նույն տարվա հունվարին հայտարարեց իրեն երկրի ժամանակավոր նախագահ։
Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոն, որը երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից է և Մադուրոյի կողմնակիցը, հունվարին հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանության աշխատանքի վերականգնումը հնարավորություն կտա Վենեսուելայի կառավարությանը վերահսկել ամերիկյան բանտում գտնվող նախագահի բուժումը։
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Խիլը Telegram-ում իր հաղորդագրությամբ նշել է, որ Դոգուի այցը համատեղ ծրագրի մաս է՝ «գոյություն ունեցող տարաձայնությունները կարգավորելու դիվանագիտական երկխոսության միջոցով՝ փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի հիման վրա»։
Դոգուն, որը նախկինում եղել է Նիկարագուայում և Հոնդուրասում ԱՄՆ դեսպանը, Վենեսուելա է ժամանել մեկ օր անց այն բանից հետո, երբ երկրի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարեց քաղաքական բանտարկյալների համաներման մասին։ Այս քայլը Վենեսուելայի ընդդիմության հիմնական պահանջներից էր։









